54 համարի երթուղայինի գրպանահատը հայտնաբերված է. նա 46-ամյա կին է

Դրամապանակը հափշտակելուց ժամեր անց Նոր Նորքի երկրորդ զանգվածից բերման են ենթարկել Երևանի կենտրոնի մի բնակչուհու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի - Sputnik. Իրավապահները հասարակական տրանսպորտում հերթական գրպանահատության դեպք են բացահայտել։ Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի մասին ահազանգը ստացել են օգոստոսի 12-ին՝ առավոտյան ժամը 9-ի սահմաններում։ Ըստ ստացված տվյալների՝ ահազանգից րոպեներ առաջ թիվ 54 երթուղու միկրոավտոբուսում մի կնոջ պայուսակից դրամապանակ էին հափշտակել, որի մեջ գումար, անձնագիր ու կուտակային քարտեր էին:

Ինչու են ավելացել գրպանահատության դեպքերը. բացատրում է ոստիկանության ներկայացուցիչը

«Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները սկսեցին համապատասխան միջոցառումներ ձեռնարկել: Եվ , քրեական հետախույզների պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ, դեպքից ժամեր անց գողությունը բացահայտվեց»,- նշված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Կեսօրից հետո՝ ժամը 16-ի սահմաններում իրավապահները Գայի պողոտայից բերման են ենթարկել  Բուզանդ փողոցի 46-ամյա մի բնակչուհու:

Բռնվել է, բայց գող չէ. ոստիկանությունը չի կարողանում «ջեբկիրների» դեմն առնել

Նա տվել է խոստովանական բացատրություն: Գողոնն առգրավված է:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: