30 հայ զինծառայողներ մասնակցում են «Էշելոն-2020»-ին

Զորավարժության գլխավոր նպատակներից մեկը նյութատեխնիկական աջակցության համատեղ գործողությունները ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի շրջանակում կատարելագործելն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանի Դաշնության «Կապուստին Յար» զորավարժարանում այսօր տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման միջոցների «Էշելոն-2020» զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը:

Հարևանների զորավարժություններն արդեն դուրս են եկել ռազմական հարթությունից. Աբրահամյան

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ բացման խոսքում ՀԱՊԿ Միավորված շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Մուխամեջան Տալասովը նշել է, որ զորավարժության գլխավոր նպատակներից մեկը նյութատեխնիկական աջակցության համատեղ գործողությունները ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի շրջանակում կատարելագործելն է։ Դա բխում է պետությունների անվտանգության մարտահրավերներին և սպառնալիքներին օպերատիվ արձագանքելու շահերից:

«Զորավարժությունների ընթացքում համատեղ գործողությունների շրջանակում կմշակվեն հատուկ առաջադրանքներ՝ ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի ստորաբաժանումների նյութատեխնիկական աջակցությունների համար: Մասնակիցները ձեռք կբերեն հմտություններ ռազմական տեխնիկայի բեռնման և բեռնաթափման եղանակների, ռազմական գործողությունների տարածքներում ստորաբաժանումների նյութատեխնիկական համալրման, ինչպես նաև ռազմական գործողությունների ընթացքում վնասված մարտական տեխնիկայի տարհանման, վերանորոգման և այլնի կազմակերպման վերաբերյալ»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։

Ի՞նչն է մտահոգիչ թուրք-ադրբեջանական զորավարժություններում. ՀՀ ՊՆ մեկնաբանությունը

Զորավարժությունն անցկացվելու է օգոստոսի 17-ից 20-ը: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանման մասնակցության ապահովման և զորավարժությանը ներգրավված անձնակազմի մարտավարամասնագիտական գիտելիքների գործնական հմտությունների կատարելագործման նպատակով 30 զինծառայող է ընդգրկվել:

Երեկ՝ օգոստոսի 16-ին հայտնել էինք, որ հայ զինծառայողները ՌԴ Աստրախանի մարզում զորավարժանքների կմասնակցեն։ Զորավարժությունների ընթացքում կմշակվեն նյութատեխնիկական ապահովման կազմակերպման ուղիները Կովկասյան տարածաշրջանում սահմանային զինված հակամարտության տեղայնացման համատեղ գործողության ժամանակ: