ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի - Sputnik. Թուրքիան նոր միջազգային Navtex ծանուցում է հրապարակել Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում օգոստոսի 18-ից սեպտեմբերի 15-ը սեյսմիկ հետազոտությունների անցկացման մասին։ ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ` թուրքական Yavuz հորատանավը, երեք այլ նավերի ուղեկցությամբ, սեյսմիկ հետազոտություններ է իրականացնելու Կիպրոսի մայրցամաքային ափամերձ ծանծաղուտում (շելֆում)։ Մնացած բոլոր նավերին խորհուրդ է տրվում չմտնել նշված տարածք։
Նշենք, որ վերջին օրերին թուրք-հունական հարաբերությունների հերթական սրացումն է տեղի ունեցել։ Թուրքիան երկուշաբթի օրը հաղորդել է, որ իր Oruç Reis նավը Արևելյան միջերկրածովյան շրջանում սեյսմիկ հետազոտություններ է սկսել այն շրջանում, որը Հունաստանը համարում է իր բացառիկ տնտեսական գոտին: Սեյսմիկ հետախուզման մասին Navtex-ի ծանուցման հրապարակումից կարճ ժամանակ անց հայտարարվել է Հունաստանի ազգային անվտանգության խորհրդի նիստի գումարման մասին: Հունաստանի զինված ուժերը բերվել են բարձր մարտական պատրաստության։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի միջերկրածովյան սեյսմահետախուզությունն ու անպատասխան չի թողնի թուրքական նավերի վրա Հունաստանի ցանկացած հարձակում:
Կիպրոսի Հանրապետության կառավարությունն էլ իր հերթին հայտարարում է Թուրքիայի կողմից Կիպրոսի ինքնիշխան Հանրապետության իրավունքների մշտական խախտման մասին։ Մասնավորապես, Անկարան հորատման աշխատանքներ է իրականացնում Կիպրոսի ծովային գոտում և սեյսմիկ հետախուզում է իրականացնում Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում և ափամերձ ծանծաղուտում (շելֆում)` խախտելով երկրի ինքնիշխան իրավունքները: ԵՄ-ն բազմիցս հանդես է եկել այդ գործողությունների դատապարտմամբ։ Թուրքիան հայտարարում է, որ չի դադարեցնի Կիպրոսի շելֆի հետախուզությունն ու հորատման աշխատանքները՝ պատճառաբանելով, թե կիպրոսցի թուրքերը նույնպես իրավունք ունեն տնօրինելու կղզու բնական հարստությունները։
ՀՀ–ն վերահաստատում է իր աջակցությունն ու համերաշխությունը Հունաստանին և Կիպրոսին. ԱԳՆ