Գյումրիում պահպանված հին տներից յուրաքանչյուրն իր յուրօրինակ պատմությունն ունի: Հենց այդ պատմությունն ու պատմության հանդեպ սերն էլ 39-ամյա պատմաբան Դերենիկ Մալխասյանին ստիպեցին վաճառել Գյումրու նորակառույց թաղամասում գտնվող բնակարանն ու գնել «45» փողոցում գտնվող խարխուլ տունը:
Երբ 121 տարեկան տան կտուրը վերանորոգելիս պատմաբան–միջազգայնագետ, քաղաքական մեկնաբան Դերենիկը Սարիղամիշի փայտից պատրաստված դուռ գտավ՝ վրան ալեքսանդրապոլյան շրջանի կողպեք, իսկ կողպեքի մեջ` ցարական շրջանի՝ 1911թ–ի 1 կոպեկանոց, ևս մեկ անգամ համոզվեց՝ չի սխալվել. տունը կառուցելու ժամանակ կոպեկը հաջողության համար էին դռների մեջ գցում: Այսպիսով դռանը պահ տված կոպեկն ավելի քան 1 դար անց հասավ նոր տանտիրոջը:
Տունը կառուցվել է 1889 թվականին, բայց փաստաթղթերում նշված է, որ շինարարությունը հաստատվել է 1899 թվականին: Շինթույլտվությունը տրվել է Ալեքսանդրապոլի առաջին ընտրովի քաղաքապետ Գեղամ Տեր-Պետրոսյանի կողմից: Շինությունը գտնվում է նախկին հունական թաղամասում: Հետաքրքիր զուգադիպությամբ առաջին տանտիրոջ անունը ևս Դերենիկ է եղել. տունը պատկանել է Ալեքսանդրապոլի ավագին (քաղաքագլուխ)` Դերենիկ Խաժակյանին, որն Ալեքսանդրապոլի հոգևոր առաջնորդ Ստեփանոս եպիսկոպոս Խաժակյանի թոռն է եղել:
«Դերենիկ Խաժակյանն իր օգնականի հետ ավելի քան 30 տարի Ալեքսանդրապոլում ու ողջ գավառում զբաղվել է բնակիչների անձնագրավորման հարցերով: Խաժակյանները բավական հայտնի են եղել: Սա Խաժակյանների միակ տունը չէ, նրանք տուն են ունեցել նաև «Սլաբոտկա» թաղամասում»,- Sputnik Արմենիային պատմեց Դերենիկը:
Ի տարբերություն Գյումրիում կառուցված շատ տների` այս մեկը հարուստ չէ քանդակներով, բայց բավականին հարմարավետ է: Դերենիկը փորձելու է վերանորոգման ժամանակ պահպանել հին էլեմենտները` փայտե պատուհանափեղկերը, փայտե առաստաղն ու դռները, պատի վառարանները:
Նոր տանտերը պատմեց, որ հարազատները բնակարանը վաճառելու ու կիսավեր տունը գնելու տարբերակին դեմ չեն եղել:
«Թեև հիմա մարդիկ ավելի շատ ձգտում են հնից նոր տուն տեղափոխվել, բայց հարազատներս դեմ չգնացին իմ որոշմանը, իսկ կինս բավականին լոյալ էր: Մինչ այդ այնքան էի խոսել Ալեքսանդրապոլի տների մասին, որ միանգամից համաձայնեց: Նպատակս քաղաքային մշակույթով հին մոդելային տուն ստեղծելն է»,- ասաց Դերենիկն ու ավելացրեց, որ մասնագիտությունն է «ստիպել» այս տունը գնել:
Ինչպես գյումրեցի տղամարդը սկսեց յուրօրինակ կտավներ ստեղծել գրչով
Երբ սկսել է ալեքսանդրապոլյան այդ շերտը «պեղել», հասկացել է, որ այն, ցավոք, այն շատ դեպքերում մոռացված է: Դերենիկի խոսքով` յուրաքանչյուր քաղաքի համար հին թաղամասերը պետք է հպարտություն լինեն, մինչդեռ մեզ մոտ մոռացության են մատնված:
«Լավ է` վերջին տարիներին ալեքսանդրապոլյան այդ դարաշրջանի մասին շատ խոսելիս մարդկանց մոտ արդեն ձևավորվում է հարգանքի ու խնամքով պահպանելու ընկալումը: Ես որոշեցի իմ անձնական օրինակով այդ հարգանքը ցուցաբերել»,– ասաց նա:
Տունը պատահաբար է ընտրվել. հին թաղամասերում մի քանի տներ տեսնելուց հետո որոշումը կանգ է առել այս տան վրա: «Սկզբում տպավորությունը սարսափելի էր՝ հին տուն, որը պահպանել էր հին շերտի վրա 50-60 թվականների վերանորոգումը: Մի քանի անգամ ցանկացել եմ այս տունը գնել ու հետո հետ եմ կանգնել այդ մտքից: Մի անգամ հարևանուհու հետ խոսելու ընթացքում, որի սկեսուրը եղել է Դերենիկ Խաժակյանի հարսը, պարզեցի տան պատմությունը և վերջնականապես որոշեցի հենց սա գնել»,-անկեղծացավ Դերենիկը:
Տունը ժամանակին ավելի մեծ տարածք է զբաղեցրել, բայց երբ ստալինյան ժամանակաշրջանում Դերենիկ Խաժակյանի որդուն աքսորել են, նրա կինը տան մյուս մասը 2 պարկ ցորենի դիմաց վաճառել է այլ ընտանիքի:
Տան վերանորոգման աշխատանքներն այս պահին շարունակվում են: Նախագծային տեսքը պահպանվելու է: Աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել տարեվերջին: Դերենիկը վստահեցնում է՝ արդյունքում կունենան 19-րդ դարի ավարտն ու 20-րդ դարի սկիզբը ներկայացնող ալեքսանդրապոլյան քաղաքային տան օրինակ:
«Բոշի մայլա», «Սլաբոտկա», «Թուրքի մայլա»…Գյումրու կոլորիտային թաղամասերի պատմությունը