Առանց պայմանագրի սիգի որսն արգելվում է. ի՞նչ պետք է իմանա ձկնորսը

Տեղեկացվում է, որ յուրաքանչյուր 1 կգ որսված ձկան դիմաց նախատեսված է 65 դրամ բնօգտագործման վճար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Սահմանվել է Սևանա լճում սիգի արդյունագործական ձկնորսության իրականացման նոր կարգը։ Շրջակա միջավայրի նախարարությունը Facebook–ի պաշտոնական էջում ուղեցույց–տեսանյութ է հրապարակել` տեղեկացնելով, թե ինչպես է այսուհետև իրականացվելու սիգի որսը։

«Մինչև 4,5 տոննա արդյունագործական որս իրականացնելու թույլտվություն են ստացել այն ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք հայտ են ներկայացրել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ–ում։ Հայտի բավարարումից հետո համապատասխան պայմանագիր է կնքվել ձկնորսի և նախարարության միջև»,– տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունն ու մանրամասնում որսի իրականացման կարգը։

127 տոննա ձկան ապօրինի արդյունահանում. ԱԱԾ–ն տարիներով մշակված հանցավոր սխեմա է բացահայտել

Նախ ձկնորսն իր լողամիջոցով պետք է մոտենա իր բնակավայրին մոտ գտնվող 17 հսկիչ տեղամասերից մեկին, գրանցի լողամիջոցն ու ֆիքսի ձկնորսության դուրս գալու ժամանակը։ Երբ որսն իրականացված է, ձկնորսը «Սևան ազգային պարկի» աշխատակցի հետ պետք է հաշվարկի որսված ձկան քանակը։ Յուրաքանչյուր 1 կգ–ի դիմաց սահմանվել է 65 դրամ բնօգտագործման վճար։

Եթե առկա են մանրաձկներ, ապա կազմվում է արձանագրություն։ Մանրաձուկն առգրավվում է։ Օրինական է համարվում 500 գրամ և ավելի քաշ ունեցող մանրաձուկը»,– նշված է տեսանյութում։

Միայն ձկան վերջնական հաշվարկից հետո ձկնորսն իրավունք ունի օրենքի շրջանակներում վաճառել սիգը։ Այն ձկնորսը, որն առանց կնքված պայամանագրի կիրականացնի որս, կենթարկվի վարչական պատասխանատվության, իսկ որսված ձուկն էլ կառգրավվի։

Սևանի ձկան որսի հարցում բոլորս թերանում ենք. Սանոսյանը կարծում է` խաղի կանոնները հստակ չեն