ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել Ալեքսանդր Մակարյանի՝ «Գող Ալոյի» և Երևանի ավագանու ՀՀԿ թեկնածու, «Տիզ» մականունով Արթուր Սեդրակյանի ձերբակալություններից:
«Օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` խոսքն ընդամենը 900 դոլար գումարի մասին է, որը ստանալու համար էլ խառնվել են «օրենքով գողն» ու քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակիցը»,-գրում է թերթը։
Հիշեցնենք` ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական հաղորդագրության համաձայն` քննությամբ պարզվել է, որ քաղաքացին իրեն պարտք մնացած գումարը քրեակատարողական հիմնարկում պահվող անձից վերադարձնելու հարցը լուծելու համար դիմել է «օրենքով գողի»։ Նա էլ հրահանգել է իր կողմից ղեկավարվող՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին, տվյալ քրեակատարողական հիմնարկի, այսպես կոչված, «զոն նայողի» հետ միասին լուծել այդ հարցը: Վերջինս էլ, օգտվելով տվյալ ՔԿՀ-ում իր քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակից, ձեռնամուխ է եղել «օրենքով գողի» հրահանգի կատարմանը` ներգրավելով իր կողմից ղեկավարվող՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակիցներին և այդ նպատակով ձեռնարկելով գործուն միջոցներ:
«Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյը Ասատրյանին ծեծելու համար ստորացրել է Կոբա Կրասնոդարսկուն
Ստեղծված քննչական խմբի կողմից 2020թ. օգոստոսի 13-ին ոստիկանության ծառայողների հետ համատեղ խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել են «օրենքով գողի» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և նրա կողմից ղեկավարվող խմբավորման մասնակիցը:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: