Ռուսաստանում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է` ինչպես են իրականացվելու կորոնավիրուսի դեմ պատվաստումները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանում մեկնարկել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի արտադրությունը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ առողջապահության նախարարությանը։

Հայտնի է առաջին երկիրը, որը պատրաստ է ձեռք բերել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը

Պատվաստանյութը մշակել են Ն. Ֆ. Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի մասնագետները: Կլինիկական փորձարկումներն անցկացվում էին հուլիսի 18-ից:

Պատվաստանյութը լինելու է լուծույթի տեսքով, որը նախատեսված է ներմկանային ներարկման համար: Պատվաստումը պլանավորվում է իրականացնել երկու փուլով՝ սկզբում առաջին բաղադրիչը, երեք շաբաթ անց ՝ երկրորդը։

ՌԴ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պատվաստանյութի կիրառման նման մեթոդը կորոնավիրուսի դեմ իմունիտետ կձևավորի մինչև 2 տարի ժամկետով։

Նախարարությունը նաև հրապարակել է պատվաստանյութի նախակլինիկական և կլինիկական հետազոտությունների տվյալները: Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն նշել է, որ արտասահմանից հնչող քննադատությունը հիմնականում կապված է ոչ ամբողջական տվյալների հետ։ Նրա խոսքով` ոչ բոլորը գիտեն, որ պատվաստանյութի հիմքի վրա արդեն 6 այլ արտադրանք է ստեղծվել:

Հիշեցնենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 11-ին ՌԴ կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը։ ՌԴ նախագահի խոսքով՝ Ռուսաստանը COVID-19-ի դեմ պատվաստանյութ գրանցած առաջին երկիրն է։ Պատվաստանյութը բավականաչափ արդյունավետ է, ձևավորում է կայուն դիմադրողականություն և անցել է բոլոր անհրաժեշտ փորձարկումները։

Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը քաղաքացիական շրջանառության մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 1-ին։ Այն կոչվել է «Սպուտնիկ V»։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն էլ հայտարարել է, որ ողջունում է նոր կորոնավիրուսի դեմ պատրաստուկների հետազոտությունների ու մշակումների ոլորտի բոլոր ձեռքբերումները և մտադիր է ստուգել ռուսական պատվաստանյութի փորձարկումների տվյալները:

ԱՀԿ-ն ուզում է համոզվել, որ պատվաստանյութի հետազոտությունն իրականացվել է սահմանված ընթացակարգերին համապատասխան։ Կազմակերպությունը պատրաստ է գնահատել դեղի անվտանգությունն ու արդյունավետությունը: Դրա հետ մեկտեղ ԱՀԿ-ի մասնագետները շփման մեջ են ռուսաստանցի գիտնականների հետ: