Ռոբերտ Քոչարյանի որդին արխիվային տեսանյութ է հրապարակել. կադրերում նրա հայրն է

ՀՀ երկրորդ նախագահի որդին ընդգծել է, որ տարիներ առաջ հենց իր հոր`Ռոբերտ Քոչարյանի առաջարկով ստեղծվեց Պետական պաշտպանության կոմիտեն, որը բացարձակ իշխանություն ստանձնեց Արցախում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik.Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, արխիվային կադրեր է հրապարակել 1992 թ–ին կայացած նիստից։

«1992թ. այս օրը` օգոստոսի 15ին, ստեղծվեց Պետական պաշտպանության կոմիտեն, որն Արցախում ստանձնեց բացարձակ իշխանություն և ամբողջ պատասխանատվությունը վերցրեց իր վրա: Այն ստեղծվեց հորս առաջարկով և նա էլ գլխավորեց կոմիտեն: Ուրիշ ցանկացողներ առանձնապես չկային էլ: Դա այն ժամանակ էր, երբ ԼՂԻՄ տարածքի կեսից ավելին թշնամու վերահսկողության տակ էր: Կարելի է և պետք է իհարկե խոսել այն բեկումնային աշխատանքից, որն արեց ՊՊԿ-ն, սակայն իմացեք, եթե մենք կորցնեինք Արցախը, անկասկած բոլորի կողմից մեղավոր կկարգվեր ՊՊԿ-ն ի դեմս նրա ղեկավարի»,–տեսանյութին կից գրել է Լևոն Քոչարյանը:

Պաշտպանության կոմիտեն իր գործունեությունը կազմակերպել է ԼՂՀ ԳԽ և Նախարարների խորհրդի որոշումների ու կարգադրությունների հիման վրա։ 1992-1993-ին կոմիտեի նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ իրագործվել են անհետաձգելի միջոցառումներ. ինքնապաշտպանական ջոկատների միավորում, նյութատեխնիկական հիմքի ստեղծում, սպառազինության ու տեխնիկայի ձեռքբերում, մատակարարման կարգավորում և այլն։

Պաշտպանության կոմիտեի գործուն մասնակցություն է ունեցել ռազմական գործողությունների (Շուշիի ազատագրում, Աղդամի ռազմական հենակետի վնասազերծում և այլն) պլանավորման և ղեկավարման աշխատանքներին։