«Մենք պայմանավորվել ենք»․ Լուկաշենկոն ասել է` ինչի մասին է խոսել Պուտինի հետ

Բելառուսի և Ռուսաստանի նախագահները զրուցել են հեռախոսով։ Ի թիվս այլ հարցերի նրանք քննարկել են նաև նախագահական ընտրություններից հետո Բելառուսում ստեղծված իրավիճակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՊՆ-ի Ռազմավարական կառավարման կենտրոնում կայացած խորհրդակցության ժամանակ հայտնել է, որ արտաքին ռազմական սպառնալիքների առկայության դեպքում Ռուսաստանը համակողմանի օգնություն կցուցաբերի Բելառուսին։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Բելառուսը։

Այսօր հայտնի դարձավ, որ Բելառուսի և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են նախագահական ընտրություններից հետո Բելառուսում ստեղծված իրավիճակը։

«Երբ խոսքը վերաբերում է ռազմական բաղադրիչին, մենք Ռուսաստանի Դաշնության հետ պայմանագիր ունենք Դաշնակցային պետության և ՀԱՊԿ-ի շրջանակներում։ Այդ պայմանագիրը ներառում է հենց այսպիսի պահերը։ Այդ պատճառով այսօր Ռուսաստանի նախագահի հետ ես երկար, հանգամանալից խոսեցի իրավիճակի մասին... և մենք նրա հետ պայմանավորվեցինք` մեր առաջին իսկ խնդրանքով համակողմանի օգնություն կցուցաբերվի Բելառուսի Հանրապետության անվտանգության ապահովման հարցում»,-հայտարարել է Լուկաշենկոն։

Հիշեցնենք` Բելառուսում արդեն յոթերորդ օրն է` չեն դադարում բողոքի ակցիաները։ Ցուցարարները համարում են, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են։ Ոստիկանության կոշտ գործողությունները վրդովմունքի ավելի մեծ ալիք են առաջացրել։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ օգոստոսի 9-ի ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, նրա օգտին է քվեարկել 80,1 տոկոսը, հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայայի օգտին՝ 10,12 տոկոսը: Տիխանովսկայան այժմ Լիտվայում է:

Լուկաշենկոն ստիպված կլինի՞ թողնել պաշտոնը. ըստ Մարկարովի` հանգուցալուծման 2 տարբերակ կա