Խաղաղապահների հերթական զորախումբը Հայաստանից մեկնել է Աֆղանստան. լուսանկարներ

Խաղաղապահ ուժերի բրիգադի հերթական զորախմբին հրահանգավորել են ու անվտանգ ծառայություն մաղթել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի - Sputnik. Խաղաղապահ ուժերի բրիգադի հերթական զորախումբն օրերս մեկնել է Աֆղանստան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Հայկական զորախումբը կմասնակցի վերապատրաստման դասընթացների և նախատեղակայման վարժանքների, որից հետո խաղաղարար առաքելություն կիրականացնի Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հայ խաղաղապահները մշտապես բարձր են պահել Հայաստանի, հայ զինծառայողի պատիվը, առաքելությունների ընթացքում արժանացել վերադաս հրամանատարության, ինչպես նաև արտերկրի բարձրաստիճան զինվորականների բարձր գնահատականին:

Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերին Աֆղանստան էր մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

ՀՀ ԶՈւ–ն միջազգային խաղաղապահ առաքելությամբ հանդես է գալիս դեռևս 2004թ. փետրվարից, երբ հայ խաղաղապահների 34 հոգանոց զորախումբը մեկնեց Կոսովո` հունական ստորաբաժանման կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնելու:

Սկսած 2010 թվականի փետրվարից` ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումը (մեկ դասակ) ընդգրկվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հրամանատարության տակ գտնվող ՄԱԱՈՒ (Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժեր) (ISAF) հյուսիսային հրամանատարության կազմում և իրականացրել է Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգության ապահովման խնդիրները:

2010թ.-ից առ այսօր հայ խաղաղապահներն իրենց անձնուրաց ծառայությամբ հանդես են եկել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում,Կունդուզում, ինչպես նաև Մազարի Շարիֆ քաղաքներում տեղակայված ռազմական զինավաններում: