ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Հայաստանը լիբանանահայերի համար սոցիալական աջակցության և ինտեգրման ծրագրեր կմշակի, որպեսզի Լիբանանից Հայաստան տեղափոխվելու դեպքում նրանք մնան պատմական հայրենիքում։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտնում է, որ այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ են տարվում։
«Լիբանանում տեղի ունեցած պայթյունից հետո բնական է, որ Բեյրութում ապրող մեր հայրենակիցները և հատկապես ՀՀ քաղաքացիները պետք է ակնկալեին Հայաստանի Հանրապետության աջակցությունը: Հիմա, երբ կառավարությունն առաջին օգնությունը ցուցաբերել է Լիբանանին, առաջին քայլերն արված են, մենք պետք է պատրաստ լինենք այն բանին, որ եթե այնտեղ ապրող մեր հայրենակիցները որևէ պատճառով որոշեն հեռանալ Լիբանանից, ապա նրանց հանգրվանը դառնա մեր երկիրը, որպեսզի ազատ, երջանիկ և բարեկեցիկ ապրելու համար նոր հնարավորությունը ստանան հենց Հայաստանում»,– Facebook–ի իր էջում գրել է նա:
Բաթոյանի խոսքով` պետք է ամեն ինչ անել, որպեսզի Հայաստան գալուց հետո նրանք այլ երկիր տեղափոխվելու մասին չմտածեն, ինչպես դա պատահեց շատ սիրիահայերի դեպքում:
«Այս նպատակով առաջին հերթին սոցիալական աջակցության և ինտեգրման ծրագրեր պետք է մշակել և գործող ծրագրերը վերանայել: Այս ուղղությամբ աշխատանքները սկսված են և նախարարությունը ևս մասնակցում է քննարկումներին»,– եզրափակել է նա:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի կառավարությունը փաթեթ է պատրաստում, որպեսզի կարողանա արժանապատվորեն ընդունել Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող լիբանանահայերին։ Նրա խոսքով` հուլիս–օգոստոս ամիսներին 5 չվերթով Լիբանանից 370 հայ է եկել Հայաստան` հաստատվելու։ Բացի այդ, Լիբանան մեկնած մարդասիրական օգնության երեք ինքնաթիռներով էլ 101 մարդ է վերադարձել հայրենիք։
Հիշեցնենք` օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն էր որոտացել ամոնիումի նիտրատի պատճառով։ Պայթյունի զոհ է դարձել 154 մարդ, ավելի քան 5000–ը` վնասվածքներ ստացել։ Մահացածների թվում նաև 13 հայ կա և ավելի քան 250 տուժած։
Հայաստանն ու Արցախը երեք թռիչքների արդյունքում Լիբանանին տրամադրել են ավելի քան 36 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ, սննդամթերք ու դեղորայք։