ՀՀ–ն վերահաստատում է իր աջակցությունն ու համերաշխությունը Հունաստանին և Կիպրոսին. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Արևելյան Միջերկրականում վերջին զարգացումների վերաբերյալ և Թուրքիային հորդորել է քայլեր ձեռնարկել լարվածության նվազեցման ուղղությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik.Հայաստանն ուշադիր հետևում է Թուրքիայի ապօրինի և սադրիչ գործողությունների հետևանքով Էգեյան և Արևելյան Միջերկրական տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներին և նավատորմային մոբիլիզացիային: ՀՀ արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել` նշելով, որ Արևելյան Միջերկրականում այս ապակայունացնող կեցվածքն ի ցույց է դնում Թուրքիայի՝ իր հարևան տարածաշրջաններում հետևողականորեն վարվող ագրեսիվ և ծավալապաշտական քաղաքականությունը:

«Մենք վերահաստատում ենք Հայաստանի անվերապահ աջակցությունն ու համերաշխությունը Հունաստանին և Կիպրոսին և Թուրքիային կոչ ենք անում քայլեր ձեռնարկել լարվածության նվազեցման ուղղությամբ, հարգել միջազգային իրավունքը և դադարեցնել Հունաստանի և Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտիներում բոլոր գործողությունները»,– նշված է հաղորդագրության մեջ:

Վաղեմի հակառակորդների միջև հարաբերությունները վերջին ժամանակաշրջանում սրվել են այն բանից հետո, երբ Թուրքիան հայտարարել է հունական Կաստելորիզո կղզու շրջանում սեյսմիկ հետազոտությունների անցկացման մասին: Կղզին թուրքական Անթալիա քաղաքի մերձակայքում է։ Բնականաբար, Աթենքում կղզու շուրջ եղած ջրերը համարում են հունական տարածքային ջրեր, իսկ Անկարայում առարկում են ՝ ասելով, որ Կաստելորիզոն չափազանց փոքր է և շատ հեռու է Հունաստանից։