ՌԱԴԻՈ

Վարակը հարմարվելու հատկություն ունի. Թորոսյանը` սահմանափակումների մեղմացման մասին

ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է սահմանափակումների մեղմացման հնարավոր հետևանքներին։
Sputnik
Վարակը հարմարվելու հատկություն ունի. Թորոսյանը` սահմանափակումների մեղմացման մասին

Լիանա Թորոսյանի դիտարկմամբ` սահմանափակումների մեղմացումն, անշուշտ, որոշակի ազդեցություն կունենա համավարակի ցուցանիշների վրա, իսկ եթե քաղաքացիները ցուցաբերեն խոհեմություն, ապա ցուցանիշները կարող են արձանագրել չնչին տատանումներ։

Արցախում ևս արտակարգ դրությունը երկարաձգվեց մեկ ամսով. ինչ փոփոխություններ են արվել

«Դիմակ կրելն ու անվտանգության մյուս կանոնները պահպանելը, ինչպես նաև միջոցառումներին սահմանափակ թվով մարդկանց ներգրավելը չափազանց կարևոր է, ու պետք է կարմիր գծի նման հաշվի առնենք։ Վերջին վերլուծության արդյունքները փաստում են, որ մինչև հունիսի վերջն ունեցել ենք հիվանդության ցուցանիշների բարձրացում, սակայն հուլիսին արդեն նկատվել է կորոնավիրուսի նվազման զգալի միտում, ինչը շարունակվել է օգոստոսին»,– նշում է վարակաբանը։

Թորոսյանի խոսքով` թեև արտակարգ իրավիճակի սահմանափակումները մեղմացվել են, բայցևայնպես առաջին պլան է մղվել անվտանգության կանոնների պահպանման ու խիստ իրականացման հարցը։ Ըստ նրա` մեզ հաջողվել է հաղթահարել կորոնավիրուսի հետ կապված առաջին դժվարությունը, սակայն անվտանգության կանոնների անտեսումը կարող է հանգեցնել համավարակի աճման միտումների լայն դիապազոնի։

«Ընդհանուր ֆոնին հատկապես քչացել է ծանր հիվանդների մասնաբաժինը, ինչը վկայում է, որ մեր առողջապահական համակարգն արդեն կարողանում է ապահովել արագ և արդյունավետ արձագանքը։ Սա բոլորովին նոր իրավիճակ է թե՛ Հայաստանի, թե՛ ամբողջ աշխարհի համար։ Մյուս կողմից դրական միտումներին նպաստել է նաև մեր համաքաղաքացիների անհատական ու հավաքական վարքագիծը»,–նշում է վարակաբանը։

Թորոսյանի համոզմամբ` այդ ամենն իր ազդեցությունն է թողել համավարակի տարածման ցուցանիշների վրա, թեև վերջինս, որպես կենդանաբանական օրգանիզմ, ցուցաբերում է հարմարվելու յուրահատկություն, ուստի չարժե ապագայում բացառել որոշակի փոփոխությունների ենթակա դրսևորումները, թեև այս պահին միջազգային հեղինակավոր կառույցների կողմից կորոնավիրուսի մուտացիայի վերաբերյալ որևէ գիտական, ապացուցողական հիմք չկա։

Հիշեցնենք` Հայաստանում արտակարգ դրության ռեժիմ է գործելու մինչև սեպտեմբերի 11-ը, բայց որոշ սահմանափակումներ արդեն իսկ հանվել են։

Բնության գրկում ու սեփական ավտոմեքենայում դիմակ դնելու արգելքը կվերանա

Երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 41299-ի։