Մասիսի բնակչուհին 1–ամյա որդուն 500 000 դրամով վաճառել է. հարուցվել է քրգործ

Մեկ տարեկան տղայի գնորդը ճանաչել է երեխայի հայրությունը, վերցրել են նրա ազգանունով նոր ծննդյան վկայական։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Դատախազությունը տեղեկացնում է, որ Արարատի մարզում մեկամյա երեխայի առուվաճառքի դեպք է բացահայտվել. հարուցվել է քրեական գործ։

«Ոստիկանության Մասիսի  բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ  2020թ. մայիսին Մասիսի բնակչուհին իր մեկամյա երեխային վաճառել է: Իրականացված աշխատանքի արդյունքում այս տարվա մայիսի 13-ին Մասիսի բնակչուհին հաղորդում է տվել, որ իր որդուն 500 000  դրամ  դիմաց վաճառել է Երևանում բնակվող ամուսիններին։ Վերջիններս մաս-մաս վճարել են ընդամենը 300 000 դրամ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ոստիկանները երեխայի վաճառքի նոր դեպք են բացահայտել

Պարզվել է` նշված կինը 2019թ. ապրիլին ծննդաբերել է տղա երեխա: Վերջինս Երևանի բնակիչ հանդիսացող ամուսինների հետ նախապես համաձայնության գալով իր մեկամյա որդուն 500 000 դրամի դիմաց նրանց վաճառելու շուրջ՝ 2020թ. մայիսի 5-ին գնացել է Մասիսի ՔԿԱԳ տարածքային բաժին։ Այնտեղ գնորդը  ճանաչել է երեխայի հայրությունը և ստացել է վերջինիս ազգանունով երեխայի՝ նոր ծննդյան պետական վկայականը։

Օրեր անց գնորդ ամուսիները հարազատների հետ գնացել են երեխայի կենսաբանական մոր տուն, որտեղ երեխայի առքի համար նախատեսված պայմանավորված 500 000 դրամից վճարել են 200 000 դրամ  գումար, մնացած մասը՝ 300 000 դրամը, պայմանավորվել են վճարել հետագայում։ Նրանք երեխային տարել են իրենց հետ, իսկ հաջորդ ամիսներին վճարել ևս 50 000 դրամ։

Նորածին վաճառելու նոր փորձ է եղել. ինչքա՞ն է «գնահատվում» Հայաստանում երեխան

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը։ Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Մասիսի քննչական բաժին:

Միջոցներ են ձեռնարկվում դեպքի լիարժեք հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ վերջին օրերին նորածնի վաճառքի դեպքեր էին գրանցվել Արարատի մարզում։ Ավելին` հուլիսի 29-ին զարհուրելի դեպք էր տեղի ունեցել Երևանում. կինը ծննդաբերել է, հետո երեխային փաթեթավորելով պոլիէթիլենային տոպրակի մեջ՝ նետել աղբարկղը։