Կառավարությունը կվճարի ոչ թե կոնյակ ու գինի արտադրողներին, այլ խաղող աճեցնող գյուղացիներին

Կառավարությունը մթերող ընկերությունների համար նախատեսված սուբսիդիայի գումարից կվճարի գյուղացուն, որպեսզի արտադրողները չուշացնեն մթերվող խաղողի դիմաց վճարումները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ Հայաստանի կոնյակի ու գինու արտադրության ոլորտին աջակցելու ծրագիրը, որն ընդունվել էր ՀՀ կառավարության օգոստոսի 13-ի նիստում, իրականում ուղղված է ոչ թե արտադրողներին, այլ խաղող վաճառող գյուղացիական տնտեսություններին։

«Աջակցության առանձնահատկությունն այն է, որ գումարները ստանում են ոչ թե կազմակերպությունները, այլ իրենց բանկային հաշվեհամարներին ստանում են այն գյուղացիական տնտեսությունները, որոնք խաղող են վաճառել մթերող կազմակերպություններին»,– ասաց նախարարը և ավելացրեց` սա արվել է, որ արտադրողները չուշացնեն գյուղացիների վճարումները։

Իսկ վճարումները կատարվելու են արտադրողների տրվող վարկերի տոկոսադրույքներից, որոնք կառավարությունը` որպես ոլորտային աջակցություն, սուբսիդավորելու է այս ընկերություններին։

Ինչ ցանես, այն կհնձես. ի՞նչ ցորեն է ցանելու գյուղացին առաջիկա աշնանը

Թե այս ծրագրի շնորհիվ ինչ ծավալի խաղող է նախատեսվում մթերել այս տարի, Խաչատրյանի խոսքով, դա պարզ կլինի միայն վաճառքի օրերին։ Համեմատության համար նախարարը հիշեցրեց, որ 2019-ին մթերման ծավալը կազմել է շուրջ 160 000 տոննա։

Նշենք, որ մասնագետների հաշվարկով` այս տարի խաղողի բերքը Հայաստանում բավական շատ է և գերազանցում է նախորդ մի քանի տարիների ստացված բերքի ծավալները։

Եթե ձեզ պետք չէ, կվերցնենք. կամ ինչպես են փորձում լուծել անմշակ հողերի չլուծվող հարցը

Հիշեցնենք` կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 24-րդ միջոցառմամբ, որը հաստատվեց երեկ, ՀՀ կառավարությունը որոշել է աջակցել խաղողի մթերմամբ, գինեգործությամբ ու կոնյակագործությամբ զբաղվող ընկերություններին` սուբսիդավորելով նրանց տրամադրվող վարկերի տոկոսադրույքները։

Վարկի առավելագույն չափ է սահմանվում 3 մլրդ դրամը, որը կարող է մարվել 24 ամսում։

Բանն այն է, որ պաշտոնական վիճակագրության համաձայն, գինու ու կոնյակի իրացման ծավալների անկումը կորոնավիրուսի համավարակի հետևանքով գերազանցել է 30 տոկոսը, ինչի հետևանքով բանկերը սկսել են ավելի բարձր տոկոսներով ու ավելի զգուշավորությամբ վարկեր տրամադրել այդ ոլորտի ընկերություններին։

Չի կարելի թույլ տալ, որ ամեն ինչ լինի միայն գյուղացու հաշվին. նախկին փոխնախարար