ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Երկու–երեք ամսից Հայաստանում սկսվելու է աշնանացան ցորենի ցանքը։ Թե ինչ բերք կստանա գյուղացին գարնանը, կախված է նրանից` ինչ կցանի հիմա։ Կծախսի գումար ու կցանի որակյալ սերմացու, կստանա առատ բերք, չի ծախսի ու կորոշի բավարարվել անցած տարվա բերքից պահած սերմացուով, կստանա աղքատիկ բերք։
ՀՀ կառավարությունը որոշել է նպաստել առատ բերքի ստացմանը` սուբսիդավորելով որակյալ սերմացու գնող գյուղացիների ծախսերի որոշ մասը։ Սերմացուի գնման ծրագիրը մի քանի օրից մեկնարկելու է, և էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ գործադիր մարմնի որոշման համաձայն` կառավարությունն աշնանացան ցորենի «էլիտա» տեսակի սերմացու գնող գյուղացիներին 1 կգ-ի համար 70 դրամ սուբսիդիա է տրամադրելու։
«Ի՞նչն է այստեղ առանձնահատկությունը։ Որակյալ սերմացուն պարենային ցորենի նկատմամբ ավելի բարձր արժեք ունի։ Եվ մենք, հասկանալով, որ եթե պարենային ցորենն արժի 100, 110, երբեմն 120 դրամ, ապա որակյալ սերմացուն կարող է արժենալ մինչև 220-230 դրամ, հայտարարեցինք, որ որակյալ սերմացու գնելու դեպքում 70 դրամը կառավարությունն է վճարելու մատակարարին»,– ասաց Խաչատրյանը։
Արդյունքում, նախարարի խոսքով, որակյալ սերմացու ցանող գյուղացին 2-3 անգամ շատ բերք կստանա։ Եթե պարենային ցորենի դեպքում 1 հա–ից առավելագույնը 1.5-1.8 տոննա ցորեն կստանա, ապա որակյալ սերմացուի դեպքում` 3.5-4 տոննա։
Խաչատրյանը հայտնեց, որ գյուղացիական տնտեսություններից ստացած նախնական տվյալներով` այս ծրագրի արդյունքում Հայաստանում 600 տոննա ցորենի բերք կլինի։
Ծրագրի հաջող արդյունքի դեպքում նախարարը չի բացառում, որ կառավարությունը կորոշի նաև հաջորդ տարի կրկնել աջակցության ծրագիրը։
Նշենք, որ այսօր ՀՀ հացահատիկի շուկան գրեթե ամբողջությամբ կախված է ներկրումներից: Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն` 2015 թվականի համեմատ 2019 թվականին աշնանացան ցորենի ցանքատարածությունները ՀՀ-ում նվազել են շուրջ 44,1 %-ով, բերքատվության մակարդակը՝ 42%-ով, ինչի հետևանքով ստացված բերքի ընդհանուր ծավալը նվազել է 68,7 %-ով՝ կազմելով ընդամենը 110 300 տոննա:
Եթե 2014 թվականին Հայաստանն ապահովում էր իր ցորենի պահանջարկի 48,7%-ը, ապա 2018 թվականին այդ ցուցանիշը կազմել է 31,5%: