Ադրբեջանի նախկին արտգործնախարարին արգելել են լքել երկիրը. ԶԼՄ

Լրատվամիջոցը հայտնում է, որ Էլմար Մամեդյարովը պետք է պատասխանի քննչական մարմինների բազմաթիվ հարցերին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Էլմար Մամեդյարովին արգելել են լքել երկիրը: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը՝ հղում անելով Gununsesi.info կայքին, ըստ որի` արգելքի պատճառը ԱԳՆ–ի հետ կապված կոռուպցիոն սկանդալն է ու այդ առնչությամբ հարուցված քրեական գործը։

«Մամեդյարովը պետք է պատասխանի քննչական մարմինների բազմաթիվ հարցերին», - ասել է աղբյուրը Gununsesi.info–ին։

Այս մասին պաշտոնական տեղեկություն չկա։

Երեկ հայտնի դարձավ, որ նույն գործի շրջանակում ձերբակալվել է նաև Սերբիայում Ադրբեջանի դեսպան Էլդար Հասանովը։

Հիշեցնենք` Էլմար Մամեդյարովը արտաքին գործերի նախարարի պաշտոնից ազատվեց հուլիսի 16-ին: Ադրբեջանի արտաքին գործերի նոր նախարար նշանակվեց 47-ամյա Ջեյհուն Բայրամովը, որը 2018 թվականից Ադրբեջանի կրթության նախարարն էր։