ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ բացահայտվել են հանցավոր խմբի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքեր։
«Հանցավոր խմբի անդամները, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ 2019թ. փետրվարից, տարբեր եղանակներով մոլորության մեջ գցելով «ok.ru» կայքի տարբեր անհատական հաշիվների օգտատերերի` ՀՀ տասնյակ քաղաքացիների, խաբեությամբ ստացել են վերջիններիս կամ նրանց հարազատների բանկային քարտերի տվյալները։ Նրանք հափշտակելն են այնտեղ առկա գումարները»,– նշված է հաղորդագրության մեջ։
Այդ գումարները օրինականացնելու՝ դրանց հանցավոր ծագումն ու տեղաշարժը թաքցնելու նպատակով, դրանք փոխանցել են իրենց հետ ուղղակի չփոխկապակցված՝ ՀՀ–ում և Ռուսաստանում գրանցված բազմաթիվ էլեկտրոնային դրամապանակների հաշիվներին։ Դրանից հետո նոր այդ գումարները փոխանցել են իրենց տիրապետության տակ գտնվող տարբեր բանկային քարտերին և կանխիկացրել:
Ընդ որում՝ հանցավոր խմբի անդամներից ոմանք, նմանատիպ հանցագործություններ կատարելու համար նախկինում քրեական պատասխանատվության ենթարկված լինելով` համացանց մուտք իրականացնելու համար օգտվել են այլ անձանց անվամբ տրամադրված ինտերնետային կապի ծառայություններից:
Խուզարկությունների արդյունքում՝ առգրավվել են հանցավոր խմբի անդամների կողմից օգտագործվող համակարգչային համակարգերը:
Երեխաների առուվաճառք կատարելու համար ՀՀ–ում հանցավոր խումբ է ստեղծվել. նոր բացահայտումներ
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 3 անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն) և 190-րդ հոդվածի (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)) 2-րդ մասի 1-ին կետով: Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մեկի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է: