ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ «Վայոց Ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենին մեղադրանք է առաջադրվել։
«Պարզվել են «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Վայոց Ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու մի շարք հանգամանքներ: Մասնաճյուղի տնօրենը, իրեն վստահված մասնաճյուղի միջոցներից հափշտակություն կատարելու դիտավորությամբ 2016 թ. հունվարի 1-ից մինչև 2020թ. հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում, հափշտակել է «Հայանտառին» պատկանող 11 476 359 դրամը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Մասնավորապես պարզվել է, որ նա «Հայանտառի» տնօրինությանը միջնորդել է իր կնոջը, ընկերոջ որդուն, հարազատ եղբորը, վերջինիս փեսային ընդունել աշխատանքի «Վայոց Ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղում։ Սակայն փաստացի աշխատանքի չներկայանալով յուրաքանչյուր ամիս նրանք աշխատավարձ են ստացել:
«Դիլիջան ազգային պարկից» ծառեր են հատել. համագյուղացիների հանցավոր խումբը բացահայտված է
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Վայոց Ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով:
Նախաքննությունը շարունակվում է: