Մենք ազգայնամոլ չենք, մենք պաշտպանում ենք մեր գոյությունը. Փաշինյան

Վարչապետն ընդգծել է, որ հայերը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանում 90-ականներից եղել են հարվածի տակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Մենք իրական խաղաղության կհասնենք միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը ևս մեր քայլերին ընդառաջ քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը nման կարծիք է հայտնել բրիտանական BBC հեռուստաալիքի Hardtalk հաղորդաշարին տված հարցազրույցում։

Ռուսաստան, թե Արևմուտք. Փաշինյանը պատասխանել է BBC-ի պրովոկացիոն հարցին

«Երբ ես ստանձնեցի ՀՀ վարչապետի պաշտոնը, ես խաղաղության նոր բանաձև առաջարկեցի։ ԼՂ խնդրի ցանկացած կարգավորում պետք է ընդունելի լինի Հայաստանի, ԼՂ–ի ու Ադրբեջանի ժողովուրդների համար։ Ես ՀՀ առաջին ղեկավարն եմ, ով երբևէ բարձրաձայնել է, որ կարգավորումը պետք է ընդունելի լինի հայ ու ադրբեջանցի ժողովուրդների համար։  Բայց Ադրբեջանի ղեկավարը ոչ մի քայլ չարեց իմ այս հայտարարությանն ընդառաջ»,– ասել է Փաշինյանը։

Հաղորդավարի դիտարկմանը, թե հուլիսի կեսերին հայկական ուժերը հրետակոծել են շփման գծի հատվածը, որի ընթացքում զոհվել է Ադրբեջանի 76-ամյա խաղաղ բնակիչը, ինչն էլ Ադրբեջանի պատասխան քայլերի պատճառ է դարձել, ՀՀ վարչապետը պատասխանել է, որ Ադրբեջանն է սկսել Հայաստանի վրա հարձակումը։

«Ադրբեջանի նախագահը երկար ժամանակ ռազմական հռետորաբանություն էր բանեցնում` հայտարարելով, որ ԼՂ խնդրի կարգավորումը հնարավոր է միայն ռազմական ճանապարհով։ Այս հռետորաբանության արդյունքում Ադրբեջանի ղեկավարությունը հայտնվել է մի իրավիճակում, թե ինչպես բացատրի սեփական ժողովրդին` ինչու չկարողացավ հարցն ուժով լուծել»։

Լրագրողի դիտարկմանը, թե Հայաստանը ազգայնամոլական քաղաքականություն է վարում, Փաշինյանը նշել է, որ այդ կարծիքի հետ համաձայն չէ։ Փաշինյանն ընդգծել է, որ հայերը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանում 90-ականներից եղել են հարվածի տակ։

«Մենք ազգայնամոլ չենք, մենք պաշտպանում ենք մեր գոյությունը։ Ղարաբաղի հայերը գոյության կռիվ են տալիս։ Հայաստանը պատրաստ է խաղաղության և վստահ է` ռազմական լուծում չկա ղարաբաղյան խնդրին», – նշել է նա։

Նույն հաղորդման շրջանակում նա պատասխանել է նաև Ռուսաստանի և Եվրամիության հետ հարաբերությունների, Ռոբերտ Քոչարյանի և հեղափոխությունից հետո չարդարացված սպասելիքների մասին հարցերին։