ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տեղեկացրել են կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի մասին, ճեպազրույցի ժամանակ հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի Մակինանին՝ հրաժարվելով այլ մեկնաբանություններ տալ:
Նրա խոսքով՝ Թրամփին նաև տեղեկացնում են ամերիկյան պատվաստանյութի մշակման գործընթացի մասին. պատվաստանյութն ակտիվ փորձարկումներ է անցնում, որպեսզի արդյունավետ ու անվտանգ լինի:
Վաշինգտոնում հուսով են, որ մինչև տարեվերջ կկարողանան ստանալ COVID-19–ի դեմ պատվաստանյութը, որն այժմ թեստավորման երրորդ փուլն է անցնում։
Հիշեցնենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 11-ին ՌԴ կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը։ ՌԴ նախագահի խոսքով՝ Ռուսաստանը COVID-19-ի դեմ պատվաստանյութ գրանցած առաջին երկիրն է։ Պատվաստանյութը բավականաչափ արդյունավետ է, ձևավորում է կայուն դիմադրողականություն և անցել է բոլոր անհրաժեշտ փորձարկումները։
Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը քաղաքացիական շրջանառության մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 1-ին։ Այն կոչվել է «Սպուտնիկ V»։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն էլ հայտարարել է, որ ողջունում է նոր կորոնավիրուսի դեմ պատրաստուկների հետազոտությունների ու մշակումների ոլորտի բոլոր ձեռքբերումները և մտադիր է ստուգել ռուսական պատվաստանյութի փորձարկումների տվյալները:
ԱՀԿ-ն ուզում է համոզվել, որ պատվաստանյութի հետազոտությունն իրականացվել է սահմանված ընթացակարգերին համապատասխան։ Կազմակերպությունը պատրաստ է գնահատել դեղի անվտանգությունն ու արդյունավետությունը: Դրա հետ մեկտեղ ԱՀԿ-ի մասնագետները շփման մեջ են ռուսաստանցի գիտնականների հետ: