ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին պաշտոնից ազատելու որոշում է կայացրել։
Ինչպես նշված է քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթում, որոշման համար հիմք է ընդունվել Մեսչյանի դիմումը։
«2020 թվականի օգոստոսի 17-ից Արթուր Մեսչյանին ազատել Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնից»,– ասված է որոշման մեջ։
Մարությանը փաստաթուղթը ստորագրել է օգոստոսի 12-ին։ Սա փոքր–ինչ տարօրինակ է, քանի որ այդ ընթացքում քաղաքապետը գտնվել է արձակուրդում։
Ինչպես օգոստոսի 11-ին հայտնել էր Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը, Մարությանն արձակուրդ էր վերցրել մինչև օգոստոսի 25-ը ներառյալ։
Հուսամ` Արթուր Մեսչյանը կլինի Երևանի վերջին գլխավոր ճարտարապետը. Մնացականյան
Մեսչյանի հրաժարականի դիմումի մասին Մարությանը հայտարարել էր օգոստոսի 4-ին կայացած մամուլի ասուլիսում`հիշեցնելով, որ Մեսչյանն ի սկզբանե ասել էր, որ գալիս է 2 տարով։
Երգիչ, երգահան, ճարտարապետ Արթուր Մեսչյանը քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Երևանի գլխավոր ճարտարապետ էր նշանակվել 2018թ–ի հոկտեմբերի 23-ին։
Մեսչյանը Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում նախկինում աշխատել էր նաև 1996թ–ին` մեկ տարի տևողությամբ։
1997-ին նա պաշտոնից հրաժարվելու դիմում էր ներկայացրել։
Ինչը կարող էր ստիպել Արթուր Մեսչյանին հրաժարվել պաշտոնից. Մինասյանի տեսակետը