ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Բելառուսական գործարանների աշխատակիցները բողոքի ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով ազգային գործադուլ սկսել։
Ինչպես հայտնում է Sputnik Բելառուսը, բողոքի ակցիա է ընթանում Ժոդինոյի ԲելԱԶ գործարանի մոտ։ Մարդիկ վանկարկում են․ «Համազգային գործադուլ ենք պահանջում»։
Գործարանի ղեկավարությունը հրաժարվում է ընդունել, որ աշխատակիցները գործադուլ են անում, նախընտրում են ցույցն անվանել «հանդիպում կոլեկտիվի հետ»։ Աշխատակիցները պահանջում են տեղական իշխանությունների հրաժարականը, նրանք ուզում են, որ քաղաքից հեռացնեն հատուկ նշանակության ջոկատները (ОМОН) և իրենց մարզադաշտ տրամադրեն հանրահավաքի համար:
Միաժամանակ Nexta Telegram-ալիքը հայտնում է, որ ցույց և գործադուլ է ընթանում նաև «ՄԱԶ» գործարանում։ Հրապարակված լուսանկարում երևում է, թե որքան մարդ է հավաքվել։
Հիշեցնենք` օգոստոսի 9-ին Բելառուսում նախագահի ընտրություն անցկացվեց։ Ըստ պաշտոնական տվյալների՝ հաղթեց գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որի օգտին քվեարկել էր ընտրողների 80,23 տոկոսը, Սվետլանա Տիխանովսկայայի օգտին` 9,90 տոկոսը: ԿԸՀ-ն հայտնեց, որ այս արդյունքները դժվար թե փոխվեն։
Օգոստոսի 10-ին Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի միացյալ ընդդիմադիր շտաբը հայտարարեց, որ չի ընդունում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած արդյունքները։
Քվեարկության ավարտից հետո Մինսկում և Բելառուսի այլ քաղաքներում զանգվածային ցույցեր սկսվեցին, ցուցարարների ու իրավապահների միջև բախումներ գրանցվեցին։
Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը քննարկել են Բելառուսում տիրող իրավիճակը