Թոշակառուները կստանան չվճարված կենսաթոշակները. Բաթոյանը` նոր նախագծի մասին

Հայաստանից դուրս գտնվողները չեն կարողացել ստանալ իրենց կենսաթոշակները։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը լուծում է առաջարկում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Facebook-ում գրել է, որ կենսաթոշակառուները կստանան կորոնավիրուսի հետևանքով չվճարված կենսաթոշակները։

Բանն այն է, որ Հայաստանից դուրս գտնվողները չեն կարողացել ստանալ իրենց կենսաթոշակները, քանի որ չեն կարողանում կամ կարողացել նախատեսված ժամկետներում վերադառնալ Հայաստան:

«Նախարարությունը շրջանառել է վերը նշված օրենքի փոփոխության նախագիծ, որի ընդունման դեպքում մինչև 2021 թվականի մարտի 31-ը Հայաստանի Հանրապետություն վերադառնալու դեպքում կենսաթոշակառուները ամբողջությամբ կստանան կորոնավիրուսի հետևանքով չվճարված կենսաթոշակը», - նշել է Բաթոյանը։

Նա հավելել է, որ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի համաձայն՝ եթե կենսաթոշակը վճարելը դադարեցվել է, ապա չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է դիմելու ամսվան նախորդող մեկ տարվա համար: