ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի վերաբերյալ նյութերի նախապատրաստման մասին լուրերը ՀՀ Գլխավոր դատախազությունը չի հերքում, բայց չի էլ հաստատում։ Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ Արաբկիրի ոստիկանության բաժնում դատախազությունից դիմում դեռ չեն ստացել, «հնարավոր է այն դեռ չի դեռ չի հասել»։
Հիշեցնենք` «Ժողովուրդ» օրաթերթն այսօր տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ ՀՀ գլխավոր դատախազությունն Ամատունի Վիրաբյանի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ստացել, որն ավելի ուշ ուղարկվել է ոստիկանության Արաբկիրի բաժին` հետաքննություն իրականացնելու համար:
Ըստ թերթի` Ռուսաստանում բնակվող Արմեն Գրիգորյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն ու հայտնել, որ իր թոշակի և իր աշխատանքային ստաժի հարցով դիմել է Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանին։ Վերջինն իրենից դրա դիմաց գումար է պահանջել:
Գլխավոր դատախազությունն Արմեն Գրիգորյանի դիմումն ուղարկել է ոստիկանություն` նյութեր նախապատրաստելու համար: