Այս տարի ջրահեղձման 16 դեպք է գրանցվել. ԱԻՆ-ը ուժեղացնում է հսկողությունը. տեսանյութ

Նախարարությունը հորդորում է՝ նախքան ջուրը մտնելը հիշե՛ք, որ բացի Սևանից Հայաստանում մյուս ջրային տարածքները լողալու համար չեն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. 2020 թ.-ի մինչև օգոստոսի 12-ը ջրահեղձման 16 դեպք է գրանցվել, որից 4-ը՝ Սևանում: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից և հավելում, որ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարականով Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատը հուլիսի 17-ից ուժեղացված ծառայություն է իրականացնում:

Ջրիմուռների արտազատած թունանյութն ազդում է մարդկանց և ձկնեղենի վրա. Սևանը դեռ «ծաղկում է»

«Հանգստյան սեզոնն անվտանգ անցկացնելու համար Սևանի 3 հանրային լողափերում տեղադրված են հենակետեր, տեխնիկական ու փրկարարական ուժերը բերված են պատրաստվածության բարձր աստիճանի: Իրականացվում է 24-ժամյա ծառայություն»,–ասված է հաղորդագրության մեջ:

Կենտրոնական կայանը սպասարկում է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ահազանգերը՝ կապված հանրապետության այլ ջրային վայրերի հետ:

«2019 թ.-ին հանրապետությունում ջրահեղձման 15 դեպք է գրանցվել, որից 5-ը՝ Սևանում: Ընդհանուր՝ 13 զոհ, 3 տուժած, որոնցից 2 զոհ, 3 տուժած՝ Սևանում: 2020 թ.-ի մինչև օգոստոսի 12-ը ջրահեղձման 16 դեպք է գրանցվել, որից 4-ը՝ Սևանում: Ընդհանուր՝ 13 զոհ, 4 տուժած, որոնցից 4 զոհ և 1 տուժած՝ Սևանում»,–ասված է հաղորդագրության մեջ:

ԱԻՆ փրկարարների կողմից հսկվող տարածքներում ջրահեղձման դեպքեր չեն գրանցվել: Լողասեզոնի բացումից մինչև օրս ջրափրկարարները փրկել են 9 քաղաքացու:

ԱԻՆ-ը հորդորում է՝ նախքան ջուրը մտնելը հիշե՛ք, որ բացի Սևանից Հայաստանում մյուս ջրային տարածքները լողալու համար չեն:

Ոչ սովորական գերեզմանատուն Սևանի ափին, կամ ինչ է պատմում հուդայական խորհրդանիշը