Ալիևը զանգել է Պուտինին. քննարկել են հայ–ադրբեջանական սահմանի վերջին իրադարձությունները

Ռուսական կողմն ընդգծել է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության սրմանը նպաստող գործողությունների անթույլատրելիությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել։ Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը այն կայացել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ:

Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգին վերաբերող թեմաներ:

Ի՞նչն է մտահոգիչ թուրք-ադրբեջանական զորավարժություններում. ՀՀ ՊՆ մեկնաբանությունը

«Քննարկվել են տարածաշրջանային խնդիրները՝ այս տարվա հուլիսին հայ-ադրբեջանական պետական սահմանին տեղի ունեցած իրավիճակի սրման համատեքստում։ Ռուսական կողմն ընդգծել է լարվածության սրմանը նպաստող ցանկացած գործողության բացառման կարևորությունը», - ասված է հաղորդագրության մեջ:

Պետությունների ղեկավարները հաստատել են նաև բոլոր ոլորտներում ռուս-ադրբեջանական գործընկերության հետագա ամրապնդման փոխադարձ տրամադրվածությունը:

Նշվում է նաև, որ Ալիևը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին կորոնավիրուսային վարակի դեմ ռուսական պատվաստանյութ գրանցելու կապակցությամբ:

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր էին արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրքեր:

Թուրքիան և Ադրբեջանը ձգտում են արժեզրկել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը. Մինասյան

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում էր գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Հայկական ԶՈւ ստորաբաժանումները 13 ԱԹՍ են խոցել