Որքա՞ն կարժենա կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը

Արդյո՞ք բարդ է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի արտադրությունը և որքա՞ն այն կարժենա՝ «Ռոսսիա 24» հեռուստաալիքին պատմել է «Р-Фарм» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսեյ Ռեպիկը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի երկու չափաբաժինը կարժենա 10 ԱՄՆ դոլարից ոչ պակաս՝ այլ երկրներ մատակարարման դեպքում։ Այդ մասին հայտարարել է «Р-Фарм» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսեյ Ռեպիկը՝ «Ռոսսիա 24»-ի հետ հարցազրույցում։

«Եթե խոսենք արտահանման շուկաներից, ապա երկու դեղաչափի համար գինը կլինի 10 դոլարից ոչ պակաս։ Առնվազն առաջին խմբաքանակը, ամենայն հավանականությամբ, բավականին թանկ կարժենա»,-հայտարարել է նա։

Ռեպիկի խոսքով՝ռեակտորում ամբողջ թափով ընթանում է պատվաստանյութի արդյունաբերական արտադրությունն սկսելու գործընթացը։ Դրա պահանջարկն այնքան մեծ է, որ մոբիլիզացվում է ռուսական կենսատեխնոլոգիական ընկերությունների ամբողջ հզորությունը։

«Առաջին արդյունաբերական շարքը կլինի, հավանաբար, արդեն սեպտեմբերի սկզբին: Բայց սեպտեմբերը մեկնարկային ամիսն է։ Առաջադրանք է դրված, որ առաջին հարյուր հազար չափաբաժինը պատրաստ լինի հոկտեմբերի սկզբին»,-ասել է Ռեպիկը։

Ռուսաստանն աշխարհում առաջինը գրանցեց կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը

«Р-Фарм» ընկերությունների խմբի ղեկավարը նշել է, որ բոլոր երկրների հարաճուն պահանջարկը հնարավոր կլինի լիովին բավարարել միայն տարեվերջին։

Նա հավելել է, որ երբ պատվաստանյութի արտադրությունը հասնի արդյունաբերական ծավալների, այն կէժանանա։