Հայաստան–Արցախ մուտքի սահմանափակումները մեղմացվել են. ովքեր ու ինչպես կարող են մեկնել ԱՀ

Արցախի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք, այդ թվում  նաև ՀՀ քաղաքացիները օգոստոսի 12-ից սկսած Արցախ այցելելու համար այլևս ստիպված չեն լինի պարետից թույլտվություն ստանալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik.Հայաստանի կողմից Արցախի հետ սահմանը փակ չէ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը` մեկնաբանելով սահմանների բացման մասին ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի` օգոստոսի 12-ի հայտարարությունը։

Արցախի պարետն արգելել է քաղաքացիների ելքը հանրապետության տարածքից

«Մեր կողմից փակ չէ Արցախի հետ սահմանը։ Հայաստանն Արցախ մուտքի որևէ սահմանափակում չի դնում։ Դա կարգավորվում է Արցախի իշխանությունների որոշմամբ»,– ասաց նա։

Հիշեցնենք` ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ ԱԺ–ում ներկայացնելով Հայաստանում արտակարգ դրության ժամկետը երկարացնելու մասին որոշումը, նշեց, որ Իրանի ու Վրաստանի հետ ցամաքային սահմաններին դեռևս պահպանվում է սահմանափակումների նույն ռեժիմը։ Արցախի սահմանի վերաբացման վերաբերյալ Ավինյանը որևէ հայտարարություն չարեց։

Փոխարենը՝ խնդրին այսօր լուծում է տվել Արցախի պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը։

Հայաստանի արտակարգ ամառն ու պաշտոնյաների ձախողված արձակուրդը. ո՞վ է ամենաշատը «հոգնել»

Պարետի որոշմամբ՝ Արցախի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք, այդ թվում նաև ՀՀ քաղաքացիները, օգոստոսի 12-ից սկսած Արցախ այցելելու համար այլևս ստիպված չեն լինի պարետից թույլտվություն ստանալ, միայն թե սահմանին պետք է ներկայացնեն վերջին 3 օրվա ընթացքում կատարված ՊՇՌ թեստի բացասական պատասխանը։

Արցախում կորոնավիրուսով հիվանդի մահվան առաջին դեպքն է գրանցվել

Թեստավորման պարտադիր պահանջը չի տարածվի միայն մինչև 6 տարեկան երեխաների վրա։

Ինչ վերաբերում է Արցախի Հանրապետության քաղաքացիներին՝ նրանք Արցախից Հայաստան կարող են մուտք գործել միայն պարետի թույլտվությամբ, իսկ Հայաստանից Արցախ վերադառնալիս արդեն ստիպված կլինեն թեստավորվել ու իրենց հետ ունենալ թեստի բացասական պատասխանը։

Հիշեցնենք` Արցախի նախագահի որոշմամբ, Արցախում հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետն այսօր երկարացվել է ևս մեկ ամսով` մինչև սեպտեմբերի 11-ը՝ ժամը 22:00-ն։

Հայաստանում ևս օգոստոսի 12-ին կառավարությունը որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև սեպտեմբերի 11–ը, 17։ 00–ն։