Երևանում կինը սպառնացել է պատշգամբից նետել երեխային. տեսանյութ

Բնակիչը պատմաճարտարապետական հուշարձան հանդիսացող շենքի 2-րդ հարկում պատշգամբ էր «հարմարեցրել» ու թույլ չէր տալիս, որ այն ապամոնտաժեն։ Դեպքի վայրում նրա հետ աշխատել է ԱԻՆ հոգեբանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի- Sputnik. Երևանի Կիևյան փողոցի թիվ 1 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչը խոչընդոտել է ապօրինի պատշգամբի ապամոնտաժման աշխատանքները և սպառնացել է երեխային նետել պատշգամբից։ ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն այս ահազանգը ստացել է ժամը 15։35-ին։

«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ․ վերջինս անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է»,- նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ։

Դեպքի վայրում բնակչի հետ աշխատել է ԱԻՆ հոգեբանը, զրուցել նրա հետ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պատշգամբն ապամոնտաժվել է։

Քաղաքացին խառնարային լճից ջրառ է անում. նախարարությունը գնացել է ահազանգի հետքերով

Նշենք, որ այսօր Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել էր, որ Կիևյան փողոցում պատասխանատուներն ապամոնտաժում են ապօրինի ավելացված պատշգամբը։

«Արաբկիրում, Կիևյան 1 հասցեի պատմաճարտարապետական հուշարձան շենքի բնակիչը մեկ գիշերվա մեջ պատշգամբ է «հարմարեցրել»»,- գրել էր Կարապետյանը։

Հրապարակմանը կից նա նաև լուսանկարներ և տեսանյութ էր հրապարակել։ Կադրերում երևում է, թե ինչպես են վերամբարձ կռունկով պատշգամբին մոտենում ոստիկանները, իսկ պատշգամբում կանգնած կինը՝ «դույլով զինված», բղավում է ոստիկանների վրա, արգելում մոտենալ պատշգամբին՝ սպառնալով դույլով ջուր լցնել նրանց վրա։ Կադրերում երևում է, որ կնոջ կողքին նաև փոքրիկ տղա է կանգնած։

Սևանի ափերին քանդման ենթակա 3800 շինություն կա. նախարարը տեղում ծանոթացել է լճի խնդիրներին