ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik.Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունն օգոստոսի 12-ին չի ավարտվի: Այն կերկարաձգվի ևս մեկ ամսով` մինչև սեպտեմբերի 11-ը, ժամը 17։00–ն:
Այս որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության արտահերթ նիստում:
«Մենք ստիպված ենք արտակարգ դրության ռեժիմը երկարացնել ևս մեկ անգամ»,– կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` շեշտելով, որ այս անգամ, սակայն, որոշակի մեղմացումներ կլինեն կառավարության որոշման մեջ։
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ հայտնեց, որ վերացվում է օտարերկրյա քաղաքացիների մուտքի արգելքը։ 2-շաբաթյա ինքնամեկուսացման պահանջը վերջինների համար պահպանվելու է, բայց եթե այդ ընթացքում նրանք թեստ հանձնեն և բացասական պատասխան ստանան, ինքնամեկուսացման պահանջը կվերանա:
«Վերացվում է ՀՀ տարածքում հանրահավաքների ու զանգվածային միջոցառումների արգելքը, որը փոխարինվում է թույլտվությամբ ու որոշակի կանոնների պահպանման կարգով, այն է` դիմակների պարտադիր կրումն ու սոցիալական հեռավորության պահպանումը»,– ասաց Բադասյանը։
Ընտանեկան միջոցառումների արգելքը ևս հանվում է, բայց մասնակիցների առավելագույն թիվ է սահմանվում` մինչև 40 անձ։
Վերացվում է նաև մաքսային սահմանով ապրանքների փոխադրման սահմանափակումը։ Իսկ վարակակիրների հայտնաբերման համար էլեկտրոնային հսկողության կարգում հստակեցվել է վարակակիրների ու ինքնամեկուսացածների հայտնաբերման մեխանիզմը` 14-օրյա ժամկետի կտրվածքով։
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի զեկուցումից ու քննարկումներից հետո կառավարությունը միաձայն ընդունեց «2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը։
Կառավարության հաստատումից հետո որոշումն այսօր կքննարկվի նաև ՀՀ ԱԺ-ի՝ այդ նպատակով հրավիրվող հատուկ նիստում, ինչպես նախատեսված է օրենքով: Այս պահին նիստի ժամը դեռ հայտնի չէ:
Հիշեցնենք` ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն օգոստոսի 5-ին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտնել էր, որ Հայաստանում արտակարգ դրության ռեժիմն օգոստոսի 12-ին կերկարաձգվի ևս մեկ ամսով։
Միաժամանակ նա տեղեկացրել էր, որ մի շարք արգելքներ կմեղմացվեն։
Կորոնավիրուսի համաշխարհային համավարակի պատճառով Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել է մարտի 16-ին, հետագա ամիսներին 5 անգամ երկարաձգվել է։
Վերջին անգամ արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու որոշումն ընդունվել է հուլիսի 13-ին և կավարտվի օգոստոսի 12-ին։
Արտակարգ դրությունը ո՞ր գործարարների գրպանին է ավելի շատ հարվածել, և որոնք սոված չեն նստել