ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթը գրում է` չի բացառվում, որ օգոստոսի 6-ին աշխատանքից ազատված փոխոստիկանապետ Հայկ Մհրյանն առաջիկայում նոր պաշտոն ստանա։
«Տեղեկությունների համաձայն` նա կարող է առաջիկայում նշանակվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար: Չնայած Արման Սարգսյանն այլևս չի զբաղեցնում ՀՀ ոստիկանապետի պաշտոնը, սակայն նա շարունակում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին միջնորդել այս կամ այն մարդուն պաշտոնի նշանակելու հարցում»,–նշված է հոդվածում։
Ըստ թերթի` Արման Սարգսյանն ու Հայկ Մարությանը մանկության ընկերներ են, և հենց դա է պատճառը, որ քաղաքային իշխանությունների աշխատակազմում մեծ թիվ էին կազմում նախկին ոստիկանները։
Բացի այդ, Հայկ Մհրյանը ևս մինչև փոխոստիկանապետ նշանակվելը եղել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը: Այժմ, երբ Մհրյանը կրկին անգործ է, նախկին ոստիկանապետը միջնորդել է նրան նոր պաշտոն տալու համար:
Հայաստանի արտակարգ ամառն ու պաշտոնյաների ձախողված արձակուրդը. ո՞վ է ամենաշատը «հոգնել»
«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմել է Հայկ Մհրյանին, սակայն նա նշել է, թե նման առաջարկ այս պահին չի ստացել` չհերքելով, որ Արման Սարգսյանն իր հարազատն է: «Նման առաջարկ չեմ ստացել, երբ ստանամ, կտեղեկացնեմ», - նշել է նա։
Հիշեցնենք, որ Հայկ Մհրյանը ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնում նշանակվել էր այս տարվա հունվարի 29-ին: Իսկ օգոստոսի 6-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ազատվել էր պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից:
Երևանի քաղաքապետը պատմեց` որքան գումար է ստանում ու ինչերից է հրաժարվել պաշտոնը ստանձնելով