ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ողջունում է նոր կորոնավիրուսի դեմ պատրաստուկների ուսումնասիրության ու մշակման ոլորտի բոլոր ձեռքբերումները և մտադիր է ստուգել ռուսական պատվաստանյութի փորձարկումների մասին տվյալները։
Կազմակերպության հաղորդագրության մեջ նշվում է` ԱՀԿ-ն մտադիր է համոզվել, որ պատվաստանյութի ուսումնասիրություններն անցկացվել են սահմանված ընթացակարգերի համաձայն։ Կազմակերպությունը պատրաստ է ստուգել պատրաստուկի անվտանգությունն ու արդյունավետությունը։ ԱՀԿ մասնագետները շփման մեջ են ռուսաստանցի գիտնականների հետ։
Հիշեցնենք՝ երեկ ՌԴ կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը։ ՌԴ նախագահի խոսքով՝ Ռուսաստանը COVID-19-ի դեմ պատվաստանյութ գրանցած առաջին երկիրն է։ Պատվաստանյութը բավականաչափ արդյունավետ է, ձևավորում է կայուն դիմադրողականություն և անցել է բոլոր անհրաժեշտ փորձարկումները։
Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը քաղաքացիական շրջանառության մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 1-ին։ Այն կոչվել է «Սպուտնիկ V»։
Ո՞ր երկրներն են Covid-19–ի դեմ պատվաստանյութ մշակել
Հիշեցնենք՝ վերջին օրվա ընթացքում աշխարհում մոտ 200 հազար մարդ է վարակվել կորոնավիրուսով, և վարակվածների ընդհանուր թիվը դարձել է 20 223 306։
Համավարակը տարածվել է 188 երկրում։ Այս ընթացքում 740 276 վարակակիր է մահացել, ավելի քան 12,5 մարդ՝ բուժվել։ Վտանգավոր վարակի տարածման ցուցանիշներով առաջատար եռյակում են ԱՄՆ-ն, Բրազիլիան և Հնդկաստանը։
Մահվան ամենամեծ թիվը գրանցվել է ԱՄՆ-ում է՝ 164 531 մարդ։ Բրազիլիայում ավելի քան 100 մարդ է մահացել, Ռուսաստանում՝ 15 130։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19-ի բռնկումը հայտարարել է համավարակ։ Կազմակերպությունը բոլոր երկրներին կոչ է արել միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։