Սիրիան լքելու պատճառները տխուր և ցավալի են, բայց սիրիահայերը գնալու տեղ ունեն. Սարգսյան

«Երևան իմ սեր» հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն Արմեն Սարգսյանն է, սիրիահայ 400 կարիքավոր ընտանիքների տրամադրել է սոցիալական աջակցություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի - Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության վարչության անդամներին՝ վարչության նախագահ Ջորջ Բարսեղյանի գլխավորությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Ի՞նչ է լինելու անգործ մնացած սիրիահայերի հետ

2012 թվականին հիմնադրված կենտրոնի գործունեությունն ուղղված է Հայաստանում հաստատված սիրիահայերին օժանդակելուն, նրանց խնդիրների համակարգմանն ու աջակցության կազմակերպմանը: Այսօր կենտրոնն իր գործունեությունը ծավալում է Հայկական բարեգործական ընդհանուր միության հովանու ներքո։

Կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակում «Երևան իմ սեր» հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն Արմեն Սարգսյանն է, սիրիահայ 400 կարիքավոր ընտանիքների տրամադրել է սոցիալական աջակցություն։ Առհասարակ, սիրիահայության խնդիրները մշտապես նախագահի և նախագահական ինստիտուտի ուշադրության կենտրոնում են։ Ի նշան երախտագիտության՝ նախագահ Սարգսյանն արժանացել է շնորհակալագրի և հուշանվերի։

Սիրիան լքելու պատճառները տխուր և ցավալի են, բայց սիրիահայերը գնալու տեղ ունեն. Սարգսյան

Նա նշել է, որ հայրենադարձությունը և՛ բաղձալի, և՛ ուրախալի, բայց հաճախ նաև ցավալի պատմական, քաղաքական, ռազմական իրադարձությունների արդյունք է։

«Նույնիսկ Առաջին հանրապետության կարճ պատմության ընթացքում եղավ հայրենադարձություն մի շարք երկրներից՝ հայրենադարձություն հայ մտավորականության, որոնք հայրենիք վերադարձան, որպեսզի պետություն կառուցեն։ Հայրենադարձություն եղավ նաև Խորհրդային Հայաստանի առաջին տարիներին։ Եվ, իհարկե, ամենամեծ հայրենադարձությունը 1946 թվականից հետո էր, որն արդյունք էր նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի։ Մարդիկ եկան՝ իրենց հետ բերելով նաև մշակույթ, փորձառություն, մշակույթի և գիտության ապագա գործիչների»,- ասել է նա։

Նախագահ Սարգսյանն իր խոսքում վերհիշել է այն պատճառները, որոնց հետևանքով մեծ թվով սիրիահայերը հեռացան իրենց հայրենիքից։ Նա ընդգծել է՝ պատճառները տխուր են, ցավալի, բայց ուրախալին այն է, որ սփյուռքահայերը, այդ թվում՝ սիրիահայերն, այսօր հայրենիք ունեն։

1400 միայնակ տարեցներ, սիրիահայ փախստականներ օգնություն կստանան. ՀՄՏԿ

«Եթե դժվարություն լինի այն երկրում, որը նրանց երկրորդ հայրենիքն է, միշտ տեղ ունեն գնալու, ինչպես յուրաքանչյուր զավակ, որը միշտ դժվար պահերին վերադառնում է ծնողների մոտ: Վերադառնում է իր հայրենիք՝ գտնելու իր ինքնությունը։ Սա մեր վերջնական հանգրվանն է բոլոր իմաստներով»,- նշել է Սարգսյանը։

Նա շեշտել է՝ մեր հայրենիքը պետք է լինի ամուր, կայուն և պատրաստ՝ ցանկացած պահի ընդունելու իր զավակներին:

«Սա ձեր տունն է: Մեր բոլորի տունն է»,- հավելել է Սարգսյանը։

Նախագահը միևնույն ժամանակ նշել է, որ երբեք չպետք է մոռանանք Սիրիայի վերաբերմունքը մեր ժողովրդի հանդեպ, մանավանդ Հայոց ցեղասպանությունից հետո, երբ Սիրիան մեծ թվով հայերի ապաստան տվեց: