Քաղաքացին արդեն երկրորդ անգամ է տուգանվում Աժդահակի խառնարանալճից ջրառ կատարելու համար

Լճում տեղադրված բենզապոմպը հեռացվել ու առգրավվել է, հարուցվել է վարույթ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի - Sputnik. Ապամոնտաժվել է Աժդահակի խառնարանալճում տեղադրված բենզապոմպը։ Լուրը Facebook-ի իր էջում է հայտնում է Շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը:

«Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի ցուցումով՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, հարակից համայնքի ղեկավարի և ոստիկանության ծառայողների ներկայությամբ ապամոնտաժվել, հեռացվել և առգրավվել է Աժդահակ խառնարանալճում տեղադրված բենզապոմպը։ Հարուցվել է վարույթ»,- գրել է Գրիգորյանը։

ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի ծառայությունն ապօրինի ջրառի հետ կապված մանրամասներ է հաղորդում։

«Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցները ս/թ օգոստոսի 7-ին հայտնաբերել են ապօրինի ջրառ իրականացնող Արմավիրի մարզի Արտաշատ համայնքի բնակիչ Թ․Խ-ին, որի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն»,- տեղեկացնում են տեսչական մարմնից ու հավելում՝ նույն անձը դեռևս 2019 թվականին նույն արարքի համար ենթարկվել է վարչական պատասխանատվության։

Ավելի վաղ Facebook-յան օգտատերեր Կարինե Փանոսյան իր էջում լուսանկար էր տեղադրել և ահազանգել, որ Աժդահակ բարձրանալիս՝ Կարմիր Կատարի Խառնարանային լճում պոմպը է նկատել, որով ջուրը դուրս են մղում՝ օգտագործելով կենցաղային նպատակների համար։ Շրջակա միջավայրի նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել՝ շեշտելով՝ բնական ճանապարհով ձևավորված այս լճից ջրառ իրականացնելու համար նախարարության կողմից ջրօգտագործման թույլտվություն չի տրամադրել։ Հետևաբար, որևէ քաղաքացի նման իրավունք չունի։

Նախարարությունը տեղեկացրել էր, որ նշված վայր են մեկնել տեղական ինքնակառավարման մարմինների, նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ոստիկանության ներկայացուցիչները։