ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանցի երաժիշտ և բլոգեր Դավիթ Մանուկյանն (Դավա) ու երգիչ Ֆիլիպ Կիրկորովը համատեղ տեսահոլովակ են թողարկել: Երգը կոչվում է «Ռոլեքս»։ Տեսահոլովակում կատարողները կրում են թանկարժեք ժամացույցներ և շղթաներ, ինչպես նաև գրիլզներ՝ ատամների համար հատուկ զարդեր։ Առհասարակ, կադրերում տարբեր շքեղ, թանկարժեք, շողշողուն իրեր են երևում՝ քարերով զարդարված բաճկոններ, ավտոմեքենա և այլն։ Հայտնի է, որ միայն գրիլզի համար Կիրկորովը հինգ միլիոն ռուբլի է ծախսել:
Ժամեր առաջ հրապարակված տեսանյութն արդեն կես միլիոն դիտում է ունեցել: Համացանցում, մեղմ ասած, հիացած չեն երկու հայերի ստեղծագործությամբ։
«Ֆիլիպ, ինչու՞ եք մասնակցում այս աղբին։ Դա ժողովրդական արտիստի մակարդակ չէ», « հիմարություն է», «նողկալի է»,- գրել են օգտատերերը արտիստների անձնական էջերում։
Դավա Մանուկյանն ու Ֆիլիպ Կիրկորովը խոստանում են «լեգենդար» տեսահոլովակ ստեղծել
Նրանք կոշտ քննադատության են ենթարկել նաև տեսահոլովակի տեսարաններից մեկը, որում «փոփ արքան» ոտքով հարվածում է լրագրողին։ Հարվածելու ընթացքում Կիրկորովը երգում է, թե ինքն առաջինն է, և բոլոր պապարացիները վազում են նրա հետևից։ Տեսարանը շատերին հիշեցրել է 2004 թվականին երգչի մասնակցությամբ սկանդալային միջադեպը։ Այդ ժամանակ Կիրկորովը վիրավորել էր լրագրող Իրինա Հարոյանին՝ իրեն հարցեր տալու համար։
Օգտատերերից ոմանք էլ գովեստի խոսքեր են շռայլել «փոփ արքայի» հասցեին՝ նրա էպատաժության և խիզախության համար:
«Ստեղծագործական նորանոր նվաճումներ Ձեզ, Ֆիլիպ Բեդրոսովիչ», «եթե սա լիներ միայն Կիրկորովի տեսահոլովակը, ապա իսկական պայթյուն կլիներ», - գրել են նրանք:
Ի տարբերություն Կիրկորովի՝ բլոգեր-պարող Դավան վերջերս է սկսել երգարվեստով զբաղվել։ Վերջերս նա տոնում էր իր և հեռուստահաղորդավարուհի, երգչուհի Օլգա Բուզովայի հետ հարաբերությունների տարեդարձը։
Բլոգերը նկարահանվել է ճանաչված երգիչ Եգոր Կրիդի Love is երգի տեսահոլովակում։
Ֆիլիպ Կիրկորովը (Կրիկորյանը) բուլղարահայ է, խորհրդային և ռուսական էստրադային երգիչ, դերասան, կոմպոզիտոր և պրոդյուսեր, Ռուսաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի ժողովրդական արտիստ: