Հայաստանի ցամաքային սահմանը կշարունակի փակ մնալ. Իրանի ու Վրաստանի հետ թեման չի քննարկվում

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանն ԱԺ–ում մեկնաբանել է, թե ինչու օդային սահմանների նկատմամբ կիրառվող մեղմացումները ցամաքային սահմանի վրա չեն տարածվի։ 
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի - Sputnik. Հայաստանի օդային սահմանների նկատմամբ ՀՀ կառավարության այսօր ընդունած որոշմամբ կիրառվող մեղմացումները Հայաստանի ցամաքային սահմաններին չեն վերաբերի։ Այս մասին այսօր արտակարգ դրության երկարաձգման հարցով գումարված Աժ հատուկ նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։

Այս տարի արտերկրում հանգստանալու հույս չկա. ի՞նչ է առաջարկում Տիգրան Ավինյանը

«Սահմանների բացումը դա միայն ՀՀ կառավարության որոշման հարց չէ, այլև մեր գործընկերների,– ասաց պարետը։

Ավինյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ օդային սահմանի վերաբացման հարցով ՀՀ կառավարությունը  քննարկումներ է անցկացնում ՌԴ–ի գործընկերների հետ` ուղևորահոսքերն ապահովելու նպատակով։

Մինչդեռ, Իրանի ու Վրաստանի հետ ցամաքային սահմանների վերաբացման թեման ներկա պահին չի քննարկվում։

«Իրանի ու Վրաստանի հետ սահմաններին դեռևս պահպանվում են նույն ռեժիմն ու նույն սահմանափակումները»,– նշեց փոխվարչապետը։

Նշենք, որ այսօր կառավարության նիստում, ներկայացնելով որոշմամբ նախատեսված մեղմացումները, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նաև հայտնել էր, որ նախատեսվում է վերացնել օտարերկրյա քաղաքացիների մուտքի արգելքը։

Վերացվում է նաև ՀՀ տարածքում հանրահավաքների ու զանգվածային միջոցառումների արգելքը, որը փոխարինվում է թույլտվությամբ ու որոշակի կանոնների պահպանման կարգով, այն է` դիմակների պարտադիր դնումն ու սոցիալական հեռավորության պահպանումը։

Արտակարգ դրության պայմաններում տնտեսվարողները սկսել են ՀԴՄ կտրոններ չտրամադրել

Ընտանեկան միջոցառումների արգելքը ևս հանվում է, բայց մասնակիցների առավելագույն թիվ է սահմանվում մինչև 40 անձ։

Վերացվում է նաև մաքսային սահմանով ապրանքների փոխադրման սահմանափակումը։ Իսկ վարակակիրների հայտնաբերման համար էլեկտրոնային հսկողության կարգում հստակեցվել է վարակակիրների ու ինքնամեկուսացածների հայտնաբերման մեխանիզմը` 14-օրյա ժամկետի կտրվածքով։

Ավինյանը խոսեց փոքր խմբերով հանգստացողներին տուգանելու մասին

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջինները պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Հուլիսի 13-ին կառավարությունը որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև օգոստոսի 12-ը, իսկ այսօրվա արտահերթ նիստում որոշեց երկարաձգել մինչև սեպտեմբերի 11–ը։