Խաղողի հարցը բարդ է, վերջին հույսը կարտոֆիլն է. բերքահավաքը մոտ է, խնդիրները՝ շատ

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը կարծում է, որ հարևան երկրներում գրանցված երաշտն ու ստացված ցածր բերքը մեծ հնարավորություն են բացում հայ ֆերմերների առաջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի - Sputnik.Հայաստանի գյուղատնտեսությունն արտահանման հետ կապված խնդիրներ ունի։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը։

Խաղողի բերքն առատ կլինի, լրացուցիչ վարկ կտրամադրվի. նախարարն ու գինեգործները հանդիպել են

«Գիտեք` արտահանվող հիմնական ուղղությունը ծիրանն էր։ Դեղձը քիչ է արտահանվում, խաղողը ևս դեղձի մակարդակով է։ Բայց այս տարի տեսնենք` խաղող կկարողանա՞նք արտահանել։ Միակ ուղղությունը, որ հուսով եմ՝ կարտահանենք, համենայնդեպս` չենք ներկրի, դա կարտոֆիլն է»,– նշեց Բերբերյանը։

Նա հայտնեց, որ իր ղեկավարած կազմակերպությունը կարտոֆիլի արտահանման հարցով բանակցում է մոսկովյան սուպերմարկետների մի ցանցի հետ։ Եթե բանակցությունները բարեհաջող ավարտվեն, նրա հաշվարկով, Հայաստանից ամսական 1000 տոննա կարտոֆիլ կարտահանվի ՌԴ։

«Չմոռանանք, որ Ադրբեջանում երաշտ է եղել, բերքը պակաս է։ Իրանում պակաս է։ Ռուսաստանում շատ վատ վիճակ է կարտոֆիլի բերքի հետ կապված։ Այնպես որ կաշխատենք այդ հնարավորությունն օգտագործել»,– ասաց Բերբերյանը։

Անարդյունավետ հակակարկտային կայանները հովանավորներ ունեն կառավարությունում. Հրաչ Բերբերյան

Ինչ վերաբերում է խաղողի բերքին, այն այս տարի Հայաստանում առատ է, բայց հայ գյուղացուն դա ոչ թե ուրախացնում, այլ մտահոգում է։

Բանն այն է, որ ըստ Բերբերյանի, դեռ հայտնի չէ` գործարաններն այդ քանակությամբ խաղող կգնեն գյուղացուց, թե ոչ։

Գինը չեն իջեցնում, բայց «նկարած թվեր» էլի կան. ստուգումներ` Հայաստանի խաղողի այգիներում

Կորոնավիրուսի համաճարակի ու արտակարգ դրության ռեժիմի հետևանքով Հայաստանում այս տարի գինու սպառումն ու արտահանումը նվազել է։

Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ գինու սպառումն այս տարի անցյալ տարվա համեմատ 50 տոկոսով նվազել է, ինչը, նրա համոզմամբ, չի կարող բացասաբար չանդրադառնալ մթերման գործընթացի վրա։

Լավագույն դեպքում` վերամշակվողները խաղողը դաշտերում չեն թողնի, բայց դրա դիմաց առնվազն 20 տոկոս էժան կվճարեն` ոչ ավել, քան 120 դրամ` 1 կգ–ի դիմաց։ Մինչդեռ, ֆերմերները պնդում են, որ բանկերից գյուղվարկեր են ստացել առնվազն 150 դրամ վաճառքի հաշվարկով։