ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված արտակարգ դրությանը զուգահեռ շարունակվում են արտակարգ դրության պայմանների խախտման դեպքեր գրանցվել։
Ոստիկանությունից Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են, որ արտակարգ դրության սկզբից` մարտի 16-ից մինչ հուլիսի 28–ն ընկած ժամանակահատվածում արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու հատկանիշներով կազմվել է 126 321 արձանագրություն։
Ընդ որում, նշված ժամանակահատվածում դիմակ չդնելու և անձնագիր չունենալու համար կազմվել է 113 586 արձանագրություն, 55 828 քաղաքացու տուգանել են։ Այսինքն` ստացվում է, որ 4.5 ամսում դիմակ չդնելու և անձնագիր չունենալու համար տուգանքների հաշվին պետբյուջե է փոխանցվել 558 մլն դրամ. երկուսի դեպքում էլ սահմանված տուգանքի չափը 10 000 դրամն է։
Նույն ժամանակահատվածում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու հատկանիշներով կազմվել է 146 արձանագրություն. այս դեպքում տուգանել են 108 քաղաքացու։ Ի դեպ, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու դեպքում սահմանվում է վարչական պատասխանատվություն` նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով: Այսինքն` այս դեպքում էլ նվազագույնը 32 մլն դրամ է փոխանցվել պետբյուջե։
Բացի այս, մարտից մինչև հուլիսի 28-ն ընկած ժամանակահատվածում ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման սահմանափակումները խախտելու հատկանիշներով կազմվել է 268 արձանագրություն։ Իսկ տուգանվել են 106-ը։ Այս դեպքում տուգանքի չափը կազմում է 100-300 000 դրամ, այսինքն` նվազագույնը 10.5 մլն դրամի տուգանք է նշանակվել։
Արտակարգ դրության պայմաններում տնտեսվարողները սկսել են ՀԴՄ կտրոններ չտրամադրել
Միայն վերոհիշյալ երեք դեպքերով արտակարգ դրության օրերին նվազագույնը 600.5 մլն դրամի տուգանք է նշանակվել։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով մարտի 16-ին Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել, որը հաջորդ ամիսներին 4 անգամ երկարաձգվել է։ Վերջին անգամ արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու որոշումն ընդունվել է հուլիսի 13-ին և այն կավարտվի օգոստոսի 12-ին։ Սակայն վաղը կառավարությունն արտահերթ նիստ է հրավիրել` արտակարգ դրության ժամկետը մեկ ամսով ևս երկարաձգելու հարցով։