ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik.Sputnik Արմենիայի թղթակից Նանա Մարտիրոսյանի «Նրանք սիրո մասին չէին խոսում, չէին գրկախառնվում հանրության առաջ. մի կյանք ապրեցրած սերը» հոդվածը Հայ առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Սարգսի տոնին նվիրված մրցույթում լավագույն առցանց հրապարակում է ճանաչվել։
«Լավագույն հեռուստատեսային ռեպորտաժ» անվանակարգում մրցանակ է ստացել Հանրային հեռուստաընկերության լրագրող Լիլիթ Խաչատրյանը զինծառայողների սիրո պատմությունների գեղեցիկ ներկայացման համար։
Մրցանակ ստացան նաև Իմ ռադիոյի «Իմ օրը» հաղորդման` սիրահարների օրվան նվիրված թողարկման հաղորդավարներ Սևակ Հակոբյանն ու Սյուզի Լևոնյանը։
Կալանավորի սիրո պատմության համար մրցանակ շահեց «Առավոտ» թերթի թղթակից Արմենակ Դավթյանը։ Դավթյանը հիմա դատապարտված է, քրեակատարողական հիմնարկում է, այդ պատճառով նրա փոխարեն պատվոգիրը վերցրեց թերթի մեկ այլ թղթակից։
Նշենք, որ մրցույթը դեռ փետրվարին էր հայտարարվել, մրցանակաբաշխությունը պետք է մարտին կայանար, սակայն համավարակի պատճառով այն հետաձգվել էր։