«Լիդիան Արմենիան» աշխատատեղերի վերականգնման գործընթաց է սկսում

Ընկերությունը հայտարարում է, որ առաջին քայլը կլինի Ամուլսարի շրջակա համայնքներում կադրերի բազայի վերագնահատման գործընթացը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերությունը որոշել է աշխատատեղերի վերականգնման գործընթաց սկսել։

Իշխանությունը լռում է, ակտիվիստը` գոռում. ինչու է Ամուլսարի թեման նորից թարմացել

«Վերջին երկու տարիների ընթացքում Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակման հետևանքով «Լիդիանը» և կապալառու ընկերությունները ստիպված էին կրճատել ավելի քան 1400 աշխատատեղ, այդ թվում Ամուլսարի հարակից համայնքներից: Սա էլ նպաստել է համայնքներում արտագաղթի աճին, և մեր տվյալներով` վերջին երկու տարիների ընթացքում այս համայնքներից արտագաղթել է մոտ 500 մարդ»,–նշված է ընկերության Facebook-յան էջում հրապարակված հայտարարության մեջ։

Ըստ ընկերության` այս ընթացքում «Լիդիանը» համայնքի բնակիչներից ստացել է աշխատատեղերի վերաբացման բազմաթիվ դիմումներ և հիմա ծրագրում է օրենքի շրջանակում սկսել աշխատատեղերի վերականգնման գործընթացը: Որպես առաջին քայլ` ընկերությունը հայտարարում է Ամուլսարի շրջակա համայնքներում կադրերի բազայի վերագնահատման գործընթաց` հաշվի առնելով վերջին տարիների արտագաղթն ու կադրերի արտահոսքը:

Ամուլսարի շրջակա համայնքներից ցանկացողները կարող են օգոստոսի 12-ից սկսած իրենց մասին անհրաժեշտ տեղեկությունները ուղարկել info@lydianarmenia.am էլեկտրոնային հասցեին կամ փոխանցել համայնքներում «Լիդիանի» ներկայացուցիչներին:

Հիշեցնենք` Ջերմուկի բնակիչները դեռևս նախորդ տարվանից պարբերաբար փակում էին Ամուլսար տանող ճանապարհները` պնդելով, որ հանքի շահագործումը մեծ վնաս կհասցնի շրջակա միջավայրին: 2018 թվականի հունիսից մի խումբ մարդիկ` «Ամուլսարի պահապանները», գիշեր-ցերեկ հերթապահում էին վագոն–տնակներում՝ փակ պահելով դեպի հանք տանող ճանապարհները։

Ամուլսարի շրջափակումից հետո բնակիչները զրկվել են եկամտից. նրանք դիմել են Փաշինյանին

Օգոստոսի 3-ին «Լիդիան Արմենիա» ընկերությունը հանեց դեպի Ամուլսարի հանքավայր տանող ուղու վրա տեղադրված Ամուլսարի պահապանների վագոն–տնակները ու դրանց փոխարեն տեղադրեց պահնորդների համար նախատեսված վագոն-տնակները։ Ամուլսարի շահագործման դեմ բողոքները հայտարարություն տարածեցին` պահանջելով իրենց տնակները վերադարձնել նախկին տեղը՝ միաժամանակ քաղաքացիներին կոչ անելով ընտանիքներով, երեխաների հետ գնալ Ջերմուկ ու միանալ բողոքի ակցիաներին:

«Լիդիան Արմենիա» ընկերությունն իր հերթին հայտարարեց, որ սեփական տարածքից հեռացրել է ապօրինի գույքը։

Օգոստոսի 7-ին Ամուլսարի տարածքից հեռացվեցին նաև «Լիդիան Արմենիայի» տեղադրած վագոն–տնակները։

Հիշեցնենք նաև, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թ–ի սեպտեմբերի 9–ին Facebook–յան ուղիղ եթերում անդրադարձել էր Ամուլսարի հանքի շահագործման թեմային` ասելով, որ Ջերմուկի բնակիչները պետք է ապաշրջափակեն Ամուլսարի հանք տանող ճանապարհները:

«Այս պահին Ամուլսարի շահագործումն արգելելու դե յուրե հիմք չկա». Փաշինյան

2019թ–ի ապրիլին ՀՀ վարչական դատարանը պարտավորեցրել է ոստիկանությանը վերացնել ներխուժումը և հեռացնել անձանց ու նրանց գույքը ընկերությանը պատկանող տարածքից։

Ավելի վաղ լիբանանյան «Էլարդ» ընկերությունն Ամուլսարի հանքի շահագործման ընթացքում իրականացրել էր շրջակա միջավայրի ռիսկերի գնահատում: Ընկերության ներկայացուցիչները ուսումնասիրել էին դեռևս 2016 թ.-ին «Լիդիան Արմենիա» ընկերության պատրաստած` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և հայտարարել հնարավոր ռիսկերի մասին: Միևնույն ժամանակ Հայաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչները նշել են, որ ռիսկերը կառավարելի են: Ամուլսարի ոսկու հանքը Հայաստանի երկրորդ խոշոր հանքավայրն է: Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային «Lydian international» ընկերության դուստր ձեռնարկությունն է: