ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի - Sputnik. Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը զգուշացրել է, որ Հունաստանը պաշտպանելու է իր ինքնիշխանությունն ու ինքնիշխան իրավունքները ու կոչ է արել Թուրքիային անհապաղ հեռանալ Հունաստանի ափերից։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ գերատեսչության մամուլի ծառայությունը համապատասխան հայտարարություն է արել։
Հունաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ հանդիպումից հետո որոշվել է արտգործնախարարների խորհրդի արտահերթ նիստ հրավիրել «թուրքական սադրանքների ու իրավախախտումների հարցով»։
«Հարցումն այն ժամանակ է արվել, երբ Թուրքիայի կողմից Արևելյան Միջերկրական ծովի, Հունաստանի ու Կիպրոսի խաղաղության հանդեպ ակնհայտ սպառնալիք է ստեղծվել», - նշված է հաղորդագրության մեջ։
Դենդիասին խոսքով՝ չնայած միջազգային իրավունքի ու ծովային իրավունքի նորմերի վրա հիմնված երկխոսությանը, Թուրքիան որոշել է շարունակել խախտումները։
«Թուրքիան ևս մեկ անգամ ապացուցեց, որ երկխոսությանը պատրաստ լինելու իր հայտարարություններն անկեղծ չեն ու կանխամտածված էին։ Այդ երկիրը հեռացել է այն ժամանակակից պատկերացումներից, որոնցով առաջնորդվում են պետությունները XXI դարում։ Այն դեռ ապրում ու գործում է XIX դարի օրենքներով ու շարունակում է ապակայունացնող դեր ունենալ։ Թուրքիան գործում է միջազգային իրավունքի շրջանակից դուրս։ Ու ձգտում է տեղի ունեցած փաստերը պարտադրել», - նշված է հայտարարության մեջ։
Դենդիասն ընդգծել է, որ թուրքական կողմը պետք է հասկանա՝ Հունաստանը չի ընդունի տեղի ունեցած փաստերը։
«Թուրքիայի փորձերի հանդեպ ներողամտություն չի լինելու։ Դիմում ենք բոլորին։ Մենք հստակ հայտարարում ենք, որ Հունաստանը պաշտպանելու է իր ինքնիշխանությունն ու ինքնիշխան իրավունքները։ Կոչ ենք անում Թուրքիային անհապաղ հեռանա հունական ափերից», - նշված է հաղորդագրության մեջ։
Թուրքիայի պատճառով. Հունաստանի վարչապետն ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
Օգոստոսի 8-ին Դենդիասը նշել էր, որ Հունաստանը պատրաստ է բոլոր՝ այդ թվում նաև ռազմական միջոցներով պաշտպանել իր ինքնիշխանությունն ու իրավունքները, եթե Թուրքիան խախտի դրանք։
Այսօր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշիղլուն Թուրքիայի հետ հարաբերությունների հերթական սրացման մեղքը բարդել էր Հունաստանի վրա։ Նրա խոսքով՝ Հունաստանն ապացուցել է, որ արժանի չէ վստահության։
Կիպրոսում և Հունաստանում սգո զանգեր են ղողանջել Սուրբ Սոֆիայի տաճարի համար. տեսանյութ
Երեկ Թուրքիան հայտնել էր, որ Oruç Reis նավը սեյսմիկ ուսումնասիրություն է սկսել Արևելյան Միջերկրական ծովում, այն հատվածում, որը Հունաստանը համարում է իր բացառիկ տնտեսական գոտին։ Սեյսմահետախուզության մասին Navtex-ի ծանուցումից հետո Հունաստանի ազգային անվտանգության խորհուրդը նիստ է գումարել։ Հայտնում են, որ Հունաստանի զինված ուժերը մարտական պատրաստականության են բերվել։
Թուրքիան որոշել է վերականգնել սեյսմիկ հետախուզությունն այն բանից հետո, երբ Հունաստանը Եգիպտոսի հետ ծովային գոտիների սահմանազատման համաձայնագիր է կնքել։ Թուրքիայի նախագահ Էրդողանն այն անիրավական ու չգործող է որակավորել։