«Հարս եմ եկել, հարս եմ բերել այս վթարային տանը». նոր ծրագիր` Շիրակի գյուղաբնակների համար

Արդեն 32 տարի է`տիկին Սուսաննան բնակվում է վթարային տանը: 88–ի երկրաշարժից վթարային դարձած շինությունը նրա սկեսրայրը հարմարեցրել էր բնակության համար՝ հույսով, որ հաջորդ տարի ամուր քարե տուն կունենան: 32 տարի շարունակ ընտանիքը փայփայել է նորմալ տուն ունենալու հույսը:
Sputnik

Արմենուհի Մխոյան, Sputnik Արմենիա

Շիրակի մարզի Բասեն գյուղում բնակվող Մարտիկյաններն այս օրը դեռ երկար կհիշեն։ Օգոստոսի 11-ը սկսվեց ընտանիքին պատկանող տան շինարարությամբ։ Այն կատարվում է Շիրակի մարզում մեկնարկած բնակարանաշինության միջոցով գյուղական բնակավայրերի անօթևանության խնդրի լուծման ծրագրի շրջանակում:

«Հարս եմ եկել, հարս եմ բերել այս վթարային տանը». նոր ծրագիր` Շիրակի գյուղաբնակների համար

Այսօր կայացած տան հիմնարկեքին ներկա էին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, ծրագիրն իրականացնող «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Աշոտ Եղիազարյանը, ՏԻՄ ներկայացուցիչները: Ընդհանուր առմամբ, մարզում գյուղական բնակավայրերի անօթևանության խնդիրը լուծվում է նոր կառուցվող տների շինարարության, կիսավեր տներն ավարտին հասցնելու և բնակարանի գնման վկայագիր ծրագրի շրջանակներում:

«Հարս եմ եկել, հարս եմ բերել այս վթարային տանը». նոր ծրագիր` Շիրակի գյուղաբնակների համար

Մարիտիկյանների ընտանիքը սեփական տան մի մասը կորցրել է 1988 թվականի երկրաշարժի պատճառով։ Նույնիսկ զոհ են ունեցել՝ տան թոռնիկը մահացել է հենց այդ տան փլվելու պատճառով: Երկրաշարժից հետո փլված տան մյուս՝ 4-րդ կարգի վթարայնություն ունեցող հատվածում բնակության համար 2 սենյակ հարմարեցնելով` ընտանիքը հույս է ունեցել, որ շուտով պետությունը կաջակցի բնակարանի հարցով:

Օգնությո՞ւն, թե՞ գլխացավանք․ Շիրակի մարզի անօթևանները չեն կարողանում բնակարան գնել

«Ես այս տուն հարս եմ եկել հույսով, որ շուտով ավելի հարմար տուն կունենաք, բայց երկար եմ սպասել այս օրվան։ Ոչ միայն ես եմ այս տան մեջ երեխա ունեցել, այլ նաև հարս եմ բերել ու 3 թոռնիկ ունեցել: 32 տարի հույս եմ փայփայել, այսօր նոր հավատ ունեմ, որ դա կիրականանա»,- Sputnik Արմենիային պատմում է տիկին Սուսաննան:

«Հարս եմ եկել, հարս եմ բերել այս վթարային տանը». նոր ծրագիր` Շիրակի գյուղաբնակների համար

Տիկին Սուսաննայի հարսն էլ` Լիանա Ասատրյանը, ցույց է տալով իրենց անհարմարությունները, պատմում է՝ 3 երեխաների հետ ինքն ու ամուսինը մի սենյակում են քնում, ընտանիքի մյուս անդամները հազիվ մյուս սենյակում են տեղավորվում: «Ամենաահավորը փայտե հատակն ու վթարային պատերն են: Ուրախ եմ, որ իմ 3-րդ զավակը՝ Մարիան, որը վաղը 1 ամսական է դառնում «ղսմաթով է», ու շուտով մենք մեր սենյակը կունենանք»,-ասում է Լիանան: Իսկ նոր տան մասին երիտասարդ հարսը հիացմունքով է խոսում, ասում է`4 սենյակ կլինի՝ ամուր ու լուսավոր: Եվ ամենակարևորը`պատի փլվելուց չեն վախենա:

Քարե պատեր` տնակի փոխարեն. Գյումրիում 11 անօթևան ընտանիք արդեն մշտական կացարան ունի

Մարտիկյանները Շիրակի մարզի գյուղական համայնքներում բնակվող այն անօթևան ընտանիքներից էին, ովքեր համաձայնել էին նոր տան շինարարության: Այս ծրագրի շահառու ճանաչված 55 ընտանիքի համար կառուցվելու են բնակելի տներ մարզի 8 գյուղական բնակավայրերում՝ 961 մլն 78 հազար դրամի շրջանակներում։ 28 տուն կկառուցվի Ջրաձորում, 27 տուն՝ 7 այլ բնակավայրում։ Սա մարզում առաջին ծրագիրն է, որ իրականացվում է պետություն-հասարակական կազմակերպություն-բնակիչ ձևաչափով:

Ըստ պայմանագրի` բնակիչն անձամբ հնարավորություն ունի շինարարությունն իրականացնել կամ կարող է գտնել իր ուզած շինարարը, որն իրականացնելու է աշխատանքները։ «Ուրախ եմ ոչ միայն այն բանի համար, որ ի վերջո մենք տուն կունենանք, այլ նաև, որ ամուսինս իր սեփական տան շինարարության վրա աշխատելու հնարավորություն կունենա ու կվճարվի»,-ասում է Լիանան:

Խոսելով մարզում գյուղական բնակավայրերում անօթևանության խնդրի լուծման մասին` Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը վստահեցնում  է` բնակարանային շինարարության ու բնակարանի գնման վկայագիր ծրագրի արդյունավետ ավարտից հետո պետությունն իր կողմից լուծված կհամարի մարզում գյուղական բնակավայրերի անօթևանության խնդիրը:

«Հարս եմ եկել, հարս եմ բերել այս վթարային տանը». նոր ծրագիր` Շիրակի գյուղաբնակների համար

Շիրակի մարզում գյուղական անօթևանության խնդրի լուծման համար ՀՀ  կառավարությունը հատկացրել է 988 մլն 143 000 դրամ գումար: