Բելառուսում կարո՞ղ է կրկնվել հայաստանյան սցենարը` ընդդիմությունը ճիշտ էր, մենք սխալվեցինք

Նորանկախ Հայաստանի բոլոր իշխանությունները միշտ հավաստիացրել են, որ ուզում են ունենալ ուժեղ ընդդիմություն: Ու այս բարի ցանկությունը հնչեցնելուն զուգընթաց միշտ ամեն ինչ արել են, որ Հայաստանը չունենա ուժեղ ընդդիմություն: Այսօր նույնը անում են Բելառուսի իշխանությունները։
Sputnik
Բելառուսում կարո՞ղ է կրկնվել հայաստանյան սցենարը` ընդդիմությունը ճիշտ էր, մենք սխալվեցինք

Եկեք անկեղծ լինենք։ Բելառուսի այսօրվա իրավիճակը ինչ-որ տեղ նման է Հայաստանի 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրադրությանը՝ զանգվածային բողոքներ, իրավապահների կողմից ուժի կիրառում, առնվազն մեկ զոհ, բազմաթիվ վիրավորներ և ընդդիմության պնդումը՝ նախագահական ընտրությունների արդյունքները կեղծվել են, գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բոլորովին չի ստացել այն 80 տոկոսը, որը պաշտոնապես հայտարարվել է, հաղթել է ընդդիմության թեկնածուն՝ Սվետլանա Տիխանովսկայան։

Լուկաշենկոն ստիպված կլինի՞ թողնել պաշտոնը. ըստ Մարկարովի` հանգուցալուծման 2 տարբերակ կա

Այստեղ կա շատ էական տարբերություն։ Հայաստանյան ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Նիկոլ Փաշինյանը, այն ժամանակ՝ 2008 թվականի մարտի մեկի իրադարձություններից հետո, կորավ, և շատերս ենթադրում էինք, թե հեռացել է Հայաստանից՝ մանավանդ այն բանից հետո, երբ սկսեց թերթերից մեկում տպագրել շուրջերկրյա իր ճանապարհորդության մասին գիրքը, որը, ինչպես հետո պարզվեց, գրել էր Հայաստանում։ Իսկ Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան միանգամից էլ խոստովանեց, որ հեռացել է Բելառուսից և այժմ գտնվում է Լիտվայում։ Ընդ որում` հենց իշխանությունների աջակցությամբ է հատել սահմանը։ Ինչու են իշխանություններն աջակցել՝ իբր այնպես չստացվի, որ ինչ-որ մեկը այդ կնոջ կյանքի հանդեպ ոտնձգություն անի և մեղադրեն իշխանություններին։

Շատերը կհիշեն՝ երբ մեզ մոտ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, որոշ կոմունիստներ ցուցադրաբար դեն էին նետում իրենց կուսակցական անդամատոմսերը կամ այրում էին դրանք: Երբեք չեմ սիրել նման բաներ այն պարզ պատճառով, որ երբեք չեմ սիրել ցուցադրական բաներ: Հայրս, օրինակ, որը կոմունիստ է եղել ու միայն մի առավելություն է ունեցել՝ որպես հրամանատար ճակատամարտի ժամանակ լինել հարձակման առաջին գծում, կյանքում իրեն նման բան թույլ չէր տա:

Ալեքսանդր Լուկաշենկոն մոտ 30 տարի առաջ խորհրդարանի պատգամավոր դառնալուց հետո պառլամենտում կազմավորեց «Կոմունիստներ՝ հանուն բարեփոխումների» խմբակցությունը։ Եվ այդ կարգախոսով էլ փաստորեն ավելի քան քառորդ դար ղեկավարել է երկիրը՝ բոլորս հավասար ենք, կոլխոզներն ու սովխոզները պիտի պահպանվեն, արդյունաբերական ձեռնարկությունները պիտի պետության ձեռքին մնան, իսկ պետությունն իր հերթին պիտի ամեն ինչ անի իր քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու համար։

Նիկոլ Փաշինյանն Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորել է վերընտրվելու կապակցությամբ

Հիմա Բելառուսում կատարվածի վիճահարույց կողմի մասին: Տեսեք: Շատերը հարցնում են՝ բա ինչո՞ւ ընդդիմության առաջնորդը մինչև վերջ չգնաց, ինչո՞ւ այսպես եղավ, ինչո՞ւ ամեն ինչ հենց այսպես ավարտվեց, ու գլխավոր և հիմնական պատասխանը սա է՝ որպեսզի արյունահեղություն չլինի: Սա ի՞նչ է նշանակում: Իմ կարծիքով՝ միայն մի բան՝ որ ինչպես Հայաստանում 2008 թվականի մարտի մեկը 2008 թվականի մարտի մեկին չավարտվեց, այնպես էլ Բելառուսում այս դեպքերը այս դեպքերով չեն ավարտվի: Այդ դեպքերը շարունակելու են ազդել Բելառուսի իշխանությունների քաղաքականության վրա և, ըստ երևույթին, հանգեցնելու են նույն արդյունքին, ինչ եղավ Հայաստանում։ Բայց սրա շուրջ, իհարկե, կարելի է անվերջ վիճել: Մանավանդ ժամկետների մասին։

Եվ վերջում թույլ տվեք այս առիթով մի նկատառում անեմ: Նորանկախ Հայաստանի բոլոր իշխանությունները, անխտիր բոլոր իշխանությունները, միշտ հավաստիացրել են, որ ուզում են ունենալ ուժեղ ընդդիմություն: Ու այս բարի ցանկությունը հնչեցնելուն զուգընթաց միշտ ամեն ինչ արել են, որ Հայաստանը չունենա ուժեղ ընդդիմություն: Ախր նույն բանն են անում այսօր Բելառուսի իշխանությունները։ Ասում են, թե ուժեղ ընդդիմություն են ուզում, բայց նույնիսկ ընդդիմության նախագահության թեկնածուն է երկրից դուրս, իսկ ցուցարարների վրա կրակում են ռետինե փամփուշտներով։ Այո, Հայաստանի իշխանություններն էլ ժամանակին հետևողականորեն կատարելագործել են ընդդիմության դեմ պայքարելու եղանակները՝ ընդհուպ մինչև ցուցարարների վրա կրակելը։ Եվ սա մինչև այն պահը, երբ ստիպված են եղել փաստելու՝ ընդդիմադիրները ճիշտ էին, մենք սխալվեցինք: Չգիտեմ, այսօր շատ դժվար է ասել, թե ինչպես կզարգանա իրավիճակը Բելառուսում, բայց չի էլ կարելի բացառել, որ դեպքերը կզարգանան հայաստանյան սցենարով՝ ընդդիմությունը ճիշտ էր, մենք սխալվեցինք։