ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի- Sputnik.Հայաստանում Սևրի հաշտության պայմանագրի հարյուրամյակի հիշատակման առնչությամբ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը մեկ անգամ ևս ի ցույց է դնում այդ երկրի անկարողությունը` առերեսվելու իր անցյալի հետ: Նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` մեկնաբանելով Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը։
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ–ն հայտարարել էր, որ եկել է ժամանակը, որպեսզի Հայաստանի իշխանությունը «խելքի գա»` հրաժարվելով ագրեսիվ ազգայնական քաղաքականությունից։ Թուրքիայի ԱԳՆ–ն նշել էր, որ Սևրի պայմանագրի դրույթների արդիականացման փորձերը Հայաստանի հերթական պրովոկացիան է։
«Սևրի հաշտության պայմանագիրը եղել է, կա և շարունակելու է մնալ պատմական փաստ, որը հնարավոր չէ վերախմբագրել կամ ջնջել: Զարմանքի է արժանի, որ Թուրքիայի ներկա կառավարությունը, որը առիթը բաց չի թողնում արժևորելու Օսմանյան ժառանգությունը՝ այդօրինակ նյարդային արձագանք է ցուցաբերում նույն Օսմանյան կայսրության կողմից մի շարք պետությունների՝ այդ թվում ՀՀ հետ կնքված Սևրի պայմանագրի հիշատակումից»,–ասել է Նաղդալյանը։
Նրա խոսքով` Թուրքիան, խուսափելով առերեսվել իր անցյալի հետ և ուրիշներին կոչ անելով «պատմությունից թշնամանքի փոխարեն դասեր քաղել», շարունակում է Հայոց ցեղասպանությունն արդարացնելու և հայ ժողովրդին նոր ոճրագործություններով սպառնալու ավանդական քաղաքականությունը:
«Սևրի պայմանագիրը երբևէ չեղյալ չի հայտարարվել». ՀՀ նախագահի հարցազրույցը Ալ-Ազմենահ թերթին
Ըստ ՀՀ ԱԳՆ խոսնակի`Թուրքիայի կողմից տարածաշրջանում խաղաղության և անվտանգության խաթարմանն ուղղված քայլերը, Հայաստանի հանդեպ որդեգրած ռազմատենչ կեցվածքը հարևան տարածաշրջաններն ապակայունացնելու Թուրքիայի ներկա կառավարության ծավալապաշտական քաղաքականության մասն են կազմում: Նաղդալյանը վստահեցնում է` միայն այդ քաղաքականության վերանայումը և Թուրքիայի կողմից անցյալի հետ առերեսվելու կարողությունը ճանապարհ կհարթեն տարածաշրջանի ժողովուրդների միջև իրական հաշտության համար:
Հիշեցնենք, որ Սևրի հաշտության պայմանագիրն ստորագրվել է 1920 թ-ի օգոստոսի 10-ին, Փարիզի Սևր արվարձանում: Սևրի հաշտության պայմանագրով Թուրքիան Հայաստանը ճանաչում էր որպես ազատ ու անկախ պետություն։ Թուրքիան ու Հայաստանը համաձայնում էին Էրզրումի, Տրապիզոնի, Վանի ու Բիթլիսի նահանգներում (վիլայեթներ) երկու պետությունների միջև սահմանազատումը թողնել ԱՄՆ որոշմանը (նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռին, որի 100-ամյակը նույնպես լրանում է առաջիկա նոյեմբերի 22-ին) և ընդունել ինչպես նրա որոշումն անմիջապես, նույնպես և բոլոր առաջարկները՝ Հայաստանին դեպի ծով ելք տալու և հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ։