«Ավրորան» 200 000 ԱՄՆ դոլար կնվիրաբերի Բեյրութում աղետի հետևանքները հաղթահարելու համար

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ներկայացուցիչները կոչ են անում հումանիտար բոլոր կազմակերպություններին, աշխարհի բոլոր հայերին` սատարելու Լիբանանի բնակչությանն ու լիբանանահայ համայնքին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի - Sputnik. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանն ու Ռուբեն Վարդանյանը և «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին հայտարարել են, որ «Ավրորան» 200 000 ԱՄՆ դոլար կնվիրաբերի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի բնակիչներին աջակցելու համար։ Միաժամանակ #AraratChallenge շարժման միջոցով լրացուցիչ դրամահավաք-հանգանակություն կսկսի՝ Բեյրութի հայ համայնքին աջակցելու նպատակով։

Ստորգետնյա դպրոցներ, օգնություն փախստականներին․ հայտնի են «Ավրորա 2020» -ի թեկնածուները

«Մենք խորապես ցավում ենք Բեյրութում տեղի ունեցած ողբերգական պայթյունի համար և միանում Լիբանանին հրատապ օգնելու համաշխարհային ջանքերին: Ինչպես Լիբանանը կանգնեց մեր կողքին Հայոց ցեղասպանությունից հետո, այսօր մենք ենք Լիբանանի ողջ ժողովրդին աջակից»,– նշված է համահիմնադիրների ու «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահի համատեղ հայտարարության մեջ։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ներկայացուցիչները կոչ են անում հումանիտար բոլոր կազմակերպություններին, աշխարհի բոլոր հայերին` սատարելու Լիբանանի բնակչությանն ու լիբանանահայ համայնքին։

Եվս մեկ ինքնաթիռ․ Արցախն օգնության խմբաքանակ է ուղարկել Լիբանան

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտնում է, որ վերոհիշյալ 200 000 դոլարից  100 000–ը Լիբանանի Կարմիր խաչի և Մերձավոր Արևելքի հիմնադրամի միջոցով կտրամադրվի պայթյունի անմիջական հետևանքները մեղմելու համար, 50 000–ը կնվիրաբերի Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությանը՝ հայ համայնքի կարիքների համար, ևս 50 000 ԱՄՆ դոլար ակնկալվում է հավաքել հանգանակության միջոցով։ Այդ միջոցները ևս կուղղվեն  աջակցության ու վերականգնման նախագծերին, որոնք կընտրվեն ավելի ուշ:

Աչքերում ցավ է ու հույս․ «Ավրորայի» մրցանակակիր Միրզա Դինային կշարունակի փրկել աշխարհը

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք և հույս պարգևել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն ողջ աշխարհում, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է՝ վերափոխելու հայկական փորձառությունը համաշխարհային շարժման, որը կոչված է մեզնից յուրաքանչյուրին ոգեշնչելու գործի՝ հանուն մարդկության և մարդկային կյանքի։