ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորական ուղերձ է հղել պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Հարգելի Ալեքսանդր Գրիգորևիչ, շնորհավորում եմ Բելառուսի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ և նոր նվաճումներ պետության ղեկավարի պաշտոնում: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք ամրապնդել մեր ժողովուրդների միջև բարեկամությունը և ընդլայնել մեր երկրների միջև փոխշահավետ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն միավորումների շրջանակներում»,– նշված է ուղերձում:
Փաշինյանը նշել է, որ պատրաստ է ամեն ջանք գործադրել, որպեսզի լիովին իրագործվեն մեր ժողովուրդների և երկրների միջև հարաբերությունների ամբողջ ներուժը:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ Բելառուսի նախագահի ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, նրա օգտին է քվեարկել ընտրողների 80,23 տոկոսը:
Նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի շտաբը չի ընդունել ընտրությունների արդյունքները:
Մինսկում և Բելառուսի այլ քաղաքներում զանգվածային ցույցեր են սկսվել, ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են եղել։ Իրավապաշտպանները հայտնում են, որ դրանց հետևանքով մեկ մարդ է մահացել։
«Ես նրան բաց եմ թողել»․ Մինսկի իրադարձությունների խոսուն լուսանկարն ամեն ինչ ասում է