«Լիդիանը» մաքրման աշխատանքներ է սկսել և կոչ է անում վերականգնել օրենքը. տեսանյութ

«Լիդիան Արմենիա» ընկերությունը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են իրականացվում մաքրման և գույքագրման աշխատանքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում օգոստոսի 7-ին իր օրինական վարձակալած տարածքում տեղադրված տնակների մի քանի մետր տեղաշարժը որակել է որպես Ամուլսարի տարածքում տեղի ունեցած հերթական ապօրինի գործողություն:

Ամուլսարի շահագործման դեմ բողոքողները հավաքվել են ԱԺ–ի դիմաց, մի քանիսին բերման ենթարկեցին

Ընկերությունը նշում է, որ ոստիկանությունն օրենքի և օրինականության պաշտպանի իր գործառույթը ստորադասում է նախորդ օրերին մի քանի տասնյակ ակտիվիստների մասնակցությամբ աղմուկին ու մանիպուլյացիային։

«Նույն օրը տարածքից հեռացվեցին նաև երկու տարի ապօրինի կերպով ճանապարհները փակող մի խումբ անձանց վագոն-տնակները, սակայն, միևնույնն է, դա չի վերականգնում ընկերության խախտված իրավունքները»,- գրված է «Լիդիանի» հայտարարության մեջ։

Ընկերությունը իրավապահ համակարգին կոչ է անում պաշտպանել համայնքի ու օրենքի շահերը և հայտնում, որ այս պահին տարածքում ընթանում են մաքրման, գույքագրման և վերականգնողական աշխատանքներ, որոնք պարբերաբար խոչընդոտվում են բողոքի ակցիաներ իրականացնողների կողմից:

«Մինչդեռ համայնքն արդեն տևական ժամանակ սպասում է խնդրի հանգուցալուծմանը՝ հուսալով, որ վերջապես կկարողանան վերադառնալ իրենց արժանապատիվ աշխատանքին»,- հայտնում է ընկերությունը՝ հայտարարելով, որ օրենքով իրեն վերապահված շրջանակներում ամեն ինչ անելու է օրինական աշխատատեղերը վերականգնելու ուղղությամբ՝ աշխատուժ ներգրավելով համայնքներից։

Որպես ապացույց ընկերությունը նաև հրապարակել է Ամուլսարի տարածքում ընթացքող մաքրման և գույքագրման աշխատանքների մասին տեսանյութ, որում այդ աշխատանքներին մասնակցում են նաև համայնքների բնակիչները:

Հիշեցնենք` Ջերմուկի բնակիչները դեռևս նախորդ տարվանից պարբերաբար փակում էին Ամուլսար տանող ճանապարհները` պնդելով, որ հանքի շահագործումը մեծ վնաս կհասցնի շրջակա միջավայրին: 2018 թվականի հունիսից մի խումբ մարդիկ` «Ամուլսարի պահապանները», գիշեր-ցերեկ հերթապահում էին վագոն–տնակներում՝ փակ պահելով դեպի հանք տանող ճանապարհները։

Օգոստոսի 3-ին «Լիդիան Արմենիա» ընկերությունը հանեց դեպի Ամուլսարի հանքավայր տանող ուղու վրա տեղադրված Ամուլսարի պահապանների վագոն—տնակները ու դրանց փոխարեն տեղադրեց պահնորդների համար նախատեսված վագոն-տնակները։ Ամուլսարի շահագործման դեմ բողոքները հայտարարություն տարածեցին` պահանջելով իրենց տնակները վերադարձնել նախկին տեղը՝ միաժամանակ քաղաքացիներին կոչ անելով ընտանիքներով, երեխաների հետ գնալ Ջերմուկ ու միանալ բողոքի ակցիաներին:

«Լիդիան Արմենիա» ընկերությունն իր հերթին հայտարարեց, որ սեփական տարածքից հեռացրել է ապօրինի գույքը։

Օգոստոսի 7-ին Ամուլսարի տարածքից հեռացվեցին «Լիդիան Արմենիայի» տեղադրած վագոն–տնակները։

Հիշեցնենք նաև, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թ–ի սեպտեմբերի 9–ին Facebook–յան ուղիղ եթերում անդրադարձել էր Ամուլսարի հանքի շահագործման թեմային` ասելով, որ Ջերմուկի բնակիչները պետք է ապաշրջափակեն Ամուլսարի հանք տանող ճանապարհները:

2019թ–ի ապրիլին ՀՀ վարչական դատարանը պարտավորեցրել է ոստիկանությանը վերացնել ներխուժումը և հեռացնել անձանց ու նրանց գույքը ընկերությանը պատկանող տարածքից։

Ավելի վաղ լիբանանյան «Էլարդ» ընկերությունն Ամուլսարի հանքի շահագործման ընթացքում իրականացրել էր շրջակա միջավայրի ռիսկերի գնահատում: Ընկերության ներկայացուցիչները ուսումնասիրել էին դեռևս 2016 թ.-ին «Լիդիան Արմենիա» ընկերության պատրաստած` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և հայտարարել հնարավոր ռիսկերի մասին: Միևնույն ժամանակ Հայաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչները նշել են, որ ռիսկերը կառավարելի են: Ամուլսարի ոսկու հանքը Հայաստանի երկրորդ խոշոր հանքավայրն է: Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային «Lydian international» ընկերության դուստր ձեռնարկությունն է:

Ամուլսարի շրջափակումից հետո բնակիչները զրկվել են եկամտից. նրանք դիմել են Փաշինյանին