ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Իրաքի Հանրապետությունում հայկական համայնքը, ներդնելով իր ողջ ներուժն ու կարողությունները, կարողացել է հավաքել 90 700 ԱՄՆ դոլար, որի նպատակն է նվիրաբերություն կատարել «Զինծառայողների ապահովագրություն» հիմնադրամին։ Տեղեկությունը հայտնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը։
«Նվիրաբերության հավաքագրմանը մասնակցել է Իրաքի հայկական համայնքի յուրաքանչյուր ընտանիք։ Նրանք մեկ անհատի պես համախմբվել և իրականություն են դարձրել իրենց՝ հայոց բանակին օգնելու ցանկությունը»,– գրված է հիմնադրամի ֆեյսբուքյան էջում։
«Զինծառայողների ապահովագրություն» հիմնադրամը շնորհակալություն է հայտնում Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանին, որը ջանք չի խնայել համայնքի այս ցանկությունն իրականություն դարձնելու համար։
Հիմնադրամը երախտիքի խոսքեր է ուղղում նաև համայնքի յուրաքանչյուր անդամին` օգնելու պատրաստակամության և ներդրած յուրաքանչյուր լումայի համար։
Հիշեցնենք, որ հիմնադրամին ուղղված նվիրաբերություններն ակտիվացան հայ–ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հուլիսյան իրադարձություներից հետո։
Հուլիսի 12–ից իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր էին արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրքեր:
Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում էր գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։
Ադրբեջանական կրակոցից զոհված 19-ամյա Արթուր Մուրադյանի ընտանիքին 58 մլն դրամ կփոխանցվի
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։
Նկարս եմ բերել, որ միշտ հիշեք ձեր գժուկին. սահմանին զոհված Աշոտը երազում էր գեներալ դառնալ