Հայտնի են Բելառուսի նախագահական ընտրությունների նախնական արդյունքները

ԿԸՀ–ի տվյալներով` նախագահական մրցավազքի առաջատարը ստացել է ընտրողների ձայների ավելի քան 80%–ը, մասնակցությունը կազմել է մոտ 84%։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Բելառուսի ԿԸՀ–ն հրապարակել է նախագահական ընտրությունների նախնական արդյունքները, հայտնում է Sputnik Բելառուսը։

Ինչպես հայտնել է ԿԸՀ ղեկավար Լիդիա Երմոշինան, օգոստոսի 10-ի առավոտվա դրությամբ ընտրության արդյունքները հետևյալ տեսքն ունեն։

  • Ալեքսանդր Լուկաշենկո` 80,23%,
  • Սվետլանա Տիխանովսկայա` 9,90%,
  • Աննա Կանոպացկայա` 1,68%,
  • Սերգեյ Չերեչեն` 1,13%,
  • Անդրեյ Դմիտրիև` 1,04%։

ԿԸՀ–ի տվյալներով` ընդհանուր առմամբ բոլորին դեմ է քվեարկել ընտրողների 6,02%–ը, ընտրություններին մասնակցել է ընտրողների 84,23%-ը։

Երմոշինայի խոսքով` նախնական տվյալները գրեթե ձեռքով են հավաքվել։

«Վահանները ցա՛ծ դրեք». ինչ էր կատարվում գիշերը Մինսկում. տեսանյութ

«Հաշվի առնելով, որ ԿԸՀ–ն, համենայնդեպս ես և վերլուծական բաժնի աշխատակիցները, գիշերվա ժամը 1-ին տարհանվել ենք կառավարության տնից, այդ պատճառով մենք արդյունքները ստացել և իմի ենք բերել միայն այսօր առավոտյան, բառացիորեն գրեթե այս ճեպազրույցից առաջ», – հայտարարել է  նա։

Նշենք, որ օգոստոսի 9-ի երեկոյան քվեարկության առաջին արդյունքները ստանալուց հետո  երկրի տարբեր մարզերում բողոքի ակցիաներ են սկսվել։

Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցներ է կիրառել` մահակներ, լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ։ Հայտնի է, որ Մինսկում ցուցարարների ամբոխի մեջ բեռնատար է մխրճվել։

Պաշտոնական արդյունքների դեմ բողոքող ցուցարարներն իրենց հերթին ոստիկանության ուղղությամբ քարեր և այլ առարկաներ են նետել։

Կան վիրավորներ և ձերբակալվածներ։ Նրանց թիվը դեռ հայտնի չէ։ Իշխանությունները խոստացել են թվերի մասին հայտնել ավելի ուշ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 9–ին Բելառուսում նախագահական ընտրություններ անցկացվեցին։ Exit poll–ի տվյալներով` գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է քվեների 79,7%–ը, Սվետլանա Տիխանովսկայան` 6,8%–ը։